Սառեցված ռուսական ակտիվների գործածումը կպահանջի ԵՄ ներսում ռիսկերի համաբաշխում. Վադեֆուլ

Սառեցված ռուսական ակտիվների գործածումը կպահանջի ԵՄ ներսում ռիսկերի համաբաշխում. Վադեֆուլ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն այն կարծիքին է, որ Եվրամիության երկրները պետք է միմյանց միջև բաժանեն ֆինանսական ռիսկերը Եվրոպայում սառեցված ռուսական պետական ​​ակտիվների օգտագործման դեպքում՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այս մասին Գերմանիայի ԱԳ նախարարը նոյեմբերի 30-ի երեկոյան հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերով:

Նա հավելել է, որ հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, այդ թվում՝ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցման հեռանկարների առնչությամբ Վադեֆուլը կարծիք է հայտնել, որ առջևում բանակցությունների «վճռորոշ շաբաթ» է: Նախարարը, զգուշավոր լավատեսությամբ ասել է, որ «այժմ հրադադարի իրական հնարավորություն կա»:

Աշնան սկզբից Եվրամիությունում քննարկվում է Ուկրաինային 2026 և 2027 թթ. շուրջ 140 միլիարդ եվրոյի չափով ռեպարացիոն փոխառություններ հատկացնելու հնարավորությունը: Որպես այս վարկի ապահովում՝ պլանավորվում է օգտագործել ռուսական Կենտրոնական բանկի՝ Եվրոպայում սառեցված պահուստները: Այս գաղափարին ակտիվորեն աջակցում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԳԴՀ-ի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: