Մեկնարկել է 2025թ․ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

Մեկնարկել է 2025թ․ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «SafeYou» հավելվածի թիմը, գործընկեր կառույցների հետ համատեղ, միջոցառմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Միջոցառման թեման թվային տիրույթում սրընթաց զարգացում ապրող բռնության դրսևորումներն էին, դրանց կանխարգելման ու արձագանքման համար առկա մեխանիզմներն և բացերը։

Ողջույնի իր խոսքում, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Վասիլիս Մարագոսը նշել է, որ թեև Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում՝ բարելավելով օրենսդրությունը և ներդրումներ կատարելով ծառայություններ մատուցողների կարողությունների ընդլայնման գործում, առցանց բռնությունը նոր հարթություն է, որը պահանջում է ուշադրություն և համատեղ գործողություններ։

ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը մատնանշել է, որ հատկապես կարևոր են հանրային իրազեկման միջոցառումները «Դրանք կօգնեն անհատներին ձեռք բերել թվային գրագիտություն և կկանխարգելեն բռնությունը։ Առցանց բռնությանն արձագանքման գործում կարևոր են նաև բազմամասնագիտական համայնքի, բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը, որպեսզի համատեղ ուժերով թվային տարածքները դարձնենք անվտանգ, և դրանք իրոք ծառայեն իրենց նպատակին՝ հարթակ հանդիսանալով մարդկային շփման, առաջնորդության և հզորացման համար»։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի Կառավարության համար գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը հստակ նպատակ է, և այդ նպատակի նվաճման ճանապարհին շոշափելի ձեռքբերումներ կան «16-օրյա արշավը պարզապես կատարված աշխատանքի ընդգծումն է։ Շատ ուրախ եմ նաև, որ արդեն մի քանի տարի շարունակ նման հարթակներում տեսնում եմ ոչ միայն կանանց ու աղջիկների, այլև տղամարդկանց։ Դա վկայում է մեր համատեղ պատրաստակամության մասին՝ միահամուռ ուժերով պայքարել բռնության դեմ»։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն էլ  իր ելույթում անդրադարձել է ընտանեկան բռնության ենթարկված կանանց պաշտպանության և աջակցության նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը, ոլորտում ժամանակակից թվային գործիքների կիրառմանն առնչվող հարցերին՝  որպես դեպքերի կանխարգելման, վաղ հայտնաբերման, երկարաժամկետ արդյունքներ ապահովող միջոցներ. «Արդեն իսկ գործարկվող ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համակարգը հնարավորություն է տալիս մշակել առավել փաստահեն ու համակարգային պետական քաղաքականություններ»։

«Թվային բռնության կանխարգելումը լուրջ մարտահրավեր է, քանի որ առկա պաշտպանական համակարգերը, հատկապես՝ արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում, դեռևս լիարժեք չեն գործում։ Թեև ՄԱԿ-ը սահմանել է թվային անվտանգությանն ու ԱԲ կառավարմանը վերաբերող միջազգային չափորոշիչներ ու բանաձևեր, մենք դեռևս մեծ աշխատանք ունենք կատարելու։ Ապահով թվային միջավայր ձևավորելու այս գործում, որտեղ բոլորը կարող են սովորել, աշխատել և արտահայտվել առանց վախի՝ թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական միջավայրում, կարևոր է յուրաքանչյուրի՝ պետության, ազգային կառույցների, միջազգային համայնքի, ինչպես նաև մասնավոր հատվածի ներդրումը»,- իր խոսքում կարևորեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս խորհրդանշական օրը ևս մեկ հնարավորություն է ոչ միայն բարձրաձայնելու կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության առաջնահերթության մասին, այլև ընդգծելու այդ ուղղությամբ միասնական ու համակարգային աշխատանքի անհրաժեշտությունը. «Անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք ու արդյունավետ համակարգ, եթե հասարակությունում բացակայեն հանդուրժողականությունն ու համերաշխությունը։ Ցավոք, մինչ օրս շարունակում են լայն տարածում ունենալ գենդերային հիմքով բռնության տարբեր դրսևորումներ, ներառյալ կանանց և աղջիկների նկատմամբ հոգեբանական, տնտեսական, սեռական և բռնության այլ տեսակները։ Խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ: Խնդիրը շատ ավելի խորքային է, և մարդիկ հաճախ չեն էլ ճանաչում բռնության տեսակներն, արդյունքում չեն էլ պայքարում բռնության դեմ»։

Միջոցառման ժամանակ «Safe YOU»-ի գործառնական տնօրեն Լիլիթ Շախուլյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը ներկայացրել են  ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համակարգում «Safe YOU»-ի ահազանգերի ինտեգրման գործընթացի արդյունքները։ Այս համագործակցության շնորհիվ, որին աջակցել են ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամն ու Եվրոպական միությունը, «Safe YOU» հավելվածի օգտատերերը «Կանչ» կոճակի մեկ հպումով իրենց տեղորոշմամբ ահազանգ-հաղորդագրություն կարող են ուղարկել նաև Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի համակարգին։

Միջոցառմանը տեղի է ունեցել նաև «Առցանց բռնության կանխարգելման և արձագանքման բացերն ու հնարավոր լուծումները» խորագրով պանելային քննարկում, որտեղ բանախոսները՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ  ծրագրերի ղեկավար Աննա Սաֆարյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, լրագրող Գոհար Հայրապետյանը, ինչպես նաև «Safe YOU»-ի գործառնական տնօրեն Լիլիթ Շախուլյանը, առցանց անվտանգության թեմայով «Safe YOU»-ի գաղափարների մրցույթի հաղթող Անի Հովհաննիսյանը և  Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը խոսեցին առցանց բռնության հայաստանյան օրինակների մասին՝ մատնանշելով հատկապես այն բացերն ու խնդիրները, որոնք հրատապ արձագանքման անհրաժեշտություն ունեն։

Միջոցառումն իրականացվել է  «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։