Ներառական զբաղվածության ծառայությունների հզորացում խոցելի երիտասարդների համար

Ներառական զբաղվածության ծառայությունների հզորացում խոցելի երիտասարդների համար
Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակում մեկնարկել է կարողությունների զարգացման նախաձեռնություն՝ ուղղված երկրի խոցելի երիտասարդության համար տրամադրվող պետական զբաղվածության ծառայության որակի բարելավմանը։
Նախաձեռնությունն արձագանքում է հակամարտությունից տուժած անհատների, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների, չսովորող ու չաշխատող երիտասարդների (NEET երիտասարդներ) և այլ խոցելի խմբերի կարիքներին, ովքեր շարունակում են բախվել զբաղվածության համակարգային խոչընդոտների՝ հմտությունների անհամապատասխանության, կայուն աշխատատեղերի բացակայության և հոգեբանական տրավմաների հետ կապված մարտահրավերների։
ՄԱԶԾ-ը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) հետ համագործակցությամբ, ՄՍԾ զբաղվածության ոլորտի 100 աշխատակիցների համար կազմակերպել է 8-ժամյա ինտենսիվ վերապատրաստման ծրագիր:
«Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը վերապատրաստման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծեց, որ ուսուցման ծրագրի նպատակն է զբաղվածության մասնագետներին զինել անհրաժեշտ հմտություններով և գիտելիքով՝ խոցելի բնակչության կարիքներին համապատասխան ներառական և արդյունավետ հանրային զբաղվածության ծառայություններ մատուցելու համար: «Մենք հույս ունենք, որ այս վերապատրաստման ծրագիրը կարևոր քայլ կլինի Միասնական սոցիալական ծառայության շարունակական զարգացման համար՝ թիրախային աջակցություն ցուցաբերելու նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն», - եզրափակեց տիկին Սիմոնյանը:
Ծրագիրը ընդգրկում էր հետևյալ հիմնական թեմատիկ ուղղությունները՝ խոցելիության ըմբռնումը և հակամարտության ազդեցությունը զբաղվածության վրա, տրավմաներ հաշվի առնող խորհրդատվական մոտեցումները, արդյունավետ հաղորդակցման հմտությունները, աշխատանք փնտրողների համար աշխատանքի համապատասխանեցման մոտեցումները և ներառական զբաղվածության ծառայության մոնիթորինգի համար նախատեսվող պրակտիկ գործիքակազմը:
Ինտերակտիվ և գործնական ուսուցումն ապահովելու համար «Երիտասարդների շարժունակության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող վերապատրաստումը ներառում էր փորձագիտական ներկայացումներ, խմբային քննարկումներ, ընկերային ուսուցում, գործնական օրինակների վերլուծություն և մեթոդաբանական գործիքների տրամադրում:
Ուսումնական ծրագրի ավարտին ՄՍԾ աշխատակիցներն ամրապնդեցին իրենց գիտելիքները անհրաժեշտ գործիքներով և ռազմավարություններով՝ շահագրգիռ կողմերը համակարգելու, զբաղվածության ծառայությունների որակը բարելավելու և խոցելի անհատներին աջակցելու աշխատաշուկայում ավելի լավ արդյունքներին հասնելու համար: Մասնակիցները նաև ստացան ուսումնական նյութեր և ռեսուրսների ուղեցույցներ՝ աջակցելու իրենց շարունակական աշխատանքին:
Այս վերապատրաստման ծրագիրը ՄԱԶԾ ծրագրի ավելի լայն ջանքերի մի մասն է՝ ուղղված երիտասարդների հզորացմանը և Հայաստանի տարածաշրջաններում աշխատաշուկաների ներառվածության բարելավմանը՝ մասնագիտական կրթության լավարկման, դպրոցից աշխատանքի անցման ավելի սահուն ապահովման, ինչպես նաև ձեռներեցության և ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնման միջոցով։