2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ, անկախ նրանից, թե որերորդ երեխան է

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ, անկախ նրանից, թե որերորդ երեխան է

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ, անկախ այն հանգամանքից, թե ընտանիքում որերորդ երեխան է։ Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց իր այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում։

Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով. «Երեխայի միանվագ ծննդյան նպաստներն այս պահի դրությամբ կարգավորվում է ըստ երեխայի կարգաթվի, այսինքն կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում, առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը և հինգերորդը, տրվում է տարբեր չափի աջակցություն։

Առաջինի և երկրորդի դեպքում տրվում է 300,000 դրամ, երրորդ, չորրորդի դեպքում 1 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում։ Հաշվի առնելով մեր ունեցած փորձը, նաև միջազգային փորձը, և թե նաև այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի որերորդ երեխան է ծնվում, ծախսերը միանտեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել։ Նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով, և մենք ունենում ենք նաև դեպքեր, երբ հատկապես հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում պարզապես այս գումարի համար, և հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու և մեծացնելու հարցում։

Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ, ինչը նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց. «Բոլորի դեպքում էլ ունենում ենք աճ, որովհետև մենք հիմա էքսպերիմենտալ ծրագիրը դարձնում ենք արդեն մշտական ծրագրային։ Մենք նախկինում ունեինք 300 հազար, 500 հազար, 1 միլիոն, 1,5 միլիոն, հիմա մենք այս երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում պիլոտային ծրագիրը դառնում է մշտական։ Ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մշտական կարգով վճարում ենք ամիսը 50,000 դրամ, պլյուս այդ 500,000-ը։ Այսինքն իրականում բոլորի դեպքում էլ ավելացնում ենք»։

Արսեն Թորոսյանը հստակեցրեց, որ այս կարգավորումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1–ից. «Սա էլ եմ հատուկ ուզում նշել, որպեսզի որևէ կերպ չանդրադառնա այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա»։