Գևորգ Պապոյանն Հնդկաստան կատարած այցի ընթացքում այցելել է տարբեր ոլորտների մի շարք ձեռնարկություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Հնդկաստան կատարած այցի ընթացքում Վիշակապատնամ քաղաքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները։
Երկկողմ համագործակցության ուղղությունների թվում հատկապես կարևորվել է թանկարժեք քարերի և ոսկերչության ոլորտը։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ստեղծված կայուն բիզնես միջավայրը, հարկային արտոնությունները, մրցունակ առևտրային պայմաններն ու մաքսատուրքային առավելությունները, որոնք դարձնում են Հայաստանը գրավիչ թանկարժեք զարդերի արտադրության և արտահանման համար:
Քննարկումներ են ծավալվել նաև դեղագործության, վերականգնվող էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել է ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն առաջարկել է ստեղծել Հայաստանի, Հնդկաստանի և GJEPC-ի` Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական արտադրանքի արտահանման խթանման խորհրդի համատեղ աշխատանքային խումբ՝ համագործակցության առկա հնարավորությունները գործնական հիմքի վրա դնելու նպատակով։
Նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն կարող է դառնալ Հնդկաստան-Ռուսաստան–Եվրոպա նոր կապուղի։
Այնուհետև նախարար Պապոյանը Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի առաջարկով այցելել է Անդրա Պրադեշ բժշկական տեխնոլոգիաների գոտի (Andhra Pradesh Medical Technology Zone)։ Այն աշխարհում բժշկական տեխնոլոգիաների ամենամեծ արտադրական կլաստերներից մեկն է, որտեղ ավելի քան 100 ընկերություն ներգրավված է առաջատար բժշկական սարքավորումների հետազոտության, փորձարկման և արտադրության գործընթացներում։

Շրջայցի ընթացքում նախարարին ներկայացվել են գերժամանակակից արտադրական և գիտահետազոտական ենթակառուցվածքները՝ մասնագիտացված լաբորատորիաներ, փորձարկման կենտրոններ և պահեստային համալիրներ։
Գ․ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ազատ տնտեսական գոտիները և ընդգծել, որ ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել արդյունաբերական գոտիներ՝ տարբեր ոլորտների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Նա հրավիրել է հնդկական ընկերությանը դիտարկել Հայաստանում նախատեսվող արդյունաբերական գոտիներում ներդրումներ կատարելու հնարավորությունները, ինչը կստեղծի բարենպաստ պայմաններ՝ պետական աջակցության գործիքների կիրառմամբ, հարկային արտոնություններ, ինչպես նաև այլ նպաստող մեխանիզմներ, որոնք թույլ կտան արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում մրցունակ գներով։
Իսկ խոշոր ինժեներական «HBL India» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկել դիտարկել Հայաստանում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը։

Ընկերությունը տարիներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում նորարարական արտադրանքների մշակման և արդյունավետ լուծումների բացահայտման գործում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։