Վիճակագրական կոմիտեն հիմնազուրկ է որակել ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքները նվազագույն սպառողական զամբյուղը նվազեցնելու մասին
Հայաստանի վիճակագրական կոմիտեն արձագանքել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի այն պնդմանը, թե Վիճակագրական կոմիտեն հանձնարարություն է ստացել և այս տարվա առաջին կիսամյակի նվազագույն սպառողական զամբյուղը 81 հազար դրամից երրորդ եռամսյակում նվազեցրել է մոտ 3 հազար դրամով։
Պատգամավորի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ին պարզաբանում է տրամադրել ՀՀ վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների վիճակագրության բաժնի պետ Լուսինե Մարկոսյանը։
«Վիճակագրական կոմիտեն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է Պաշտոնական վիճակագրության մասին օրենքով (Օրենք) և համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով սահմանված դրույթների՝ «պաշտոնական վիճակագրություն արտադրողները վիճակագրության մշակման, արտադրման և տարածման, այդ թվում՝ տվյալների աղբյուրների ընտրության, հայեցակարգերի, սահմանումների, մեթոդների և դասակարգումների, ինչպես նաև տարածման բոլոր ձևերի ժամկետների և բովանդակության հետ կապված իրենց որոշումները կայացնում են անկախ և առանց քաղաքական կամ այլ արտաքին աղբյուրներից որևէ ճնշման և միջամտության: Պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են իրենց իրավասության սահմաններում հրապարակավ մեկնաբանել վիճակագրական բնույթի հարցերը և պաշտոնական վիճակագրության ոչ պատշաճ օգտագործման դեպքերը»:
Ընդհանրապես, 2025թ.-ին նախորդող բոլոր տարիներին էլ II և III եռամսյակների միջև փաստագրվել են նույն միտումները՝ մի քիչ ավել կամ պակաս: Նշվածի մասին վկայում են 2005թ. II եռամսյակից ի վեր Արմստատի պաշտոնական կայքում` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը տեղեկատվական ամսական զեկույցների եռամսյակային թողարկումների Հետաքրքրաշարժ վիճակագրություն բաժնում հրապարակվող համապատասխան ցուցանիշները: Ընդ որում, հարկ է նշել, որ հրապարակված ցուցանիշները հաշվարկված են միևնույն մեթոդաբանությամբ:
Այսպես, երբ դիտարկում ենք 2014թ. մինչ օրս II և III եռամսյակների հրապարակված համապատասխան ցուցանիշները, ապա ակնհայտ է դառնում, որ III եռամսյակի ցուցանիշները միշտ ավելի նվազ արժեք ունեն քան II եռամսյակինը, բացառությամբ 2021թ.-ի, երբ ցուցանիշները գրեթե նույնն են մնացել: 2024թ.-ի II եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր 77065.5 դրամ, իսկ III եռամսյակում՝ 75529.3 դրամ, 2023թ.-ի II եռամսյակում այն կազմել էր 80045.9 դրամ, III-ում՝ 75326 դրամ, 2022թ.-ի II եռամսյակում 82198.0 դրամ էր, III- ում՝ 76459.2 դրամ, 2020թ.-ի II եռամսյակում 65263.3 դրամ էր, III-ում՝ 61014.9 դրամ, 2019թ.-ի II եռամսյակում 63634.7 դրամ էր, III-ում՝ 60394.2 դրամ, 2018թ.-ի II եռամսյակում 62329.6 դրամ էր, III-ում՝ 60057.5 դրամ, 2017թ.-ի II եռամսյակում 59792.5 դրամ էր, III-ում՝ 55591.9 դրամ, 2016թ.-ի II եռամսյակում 55703.2 դրամ էր, III-ում՝ 53978.2 դրամ, 2015թ.-ի II եռամսյակում 59588.0 դրամ էր, III-ում՝ 55394.3 դրամ, 2014թ.-ի II եռամսյակում 59127.2 դրամ էր, III-ում՝ 56600.3 դրամ: Նույն պատկերն է նաև 2005-2013թթ.-ին արձանագրված համապատասխան ցուցանիշների միտումներում, բացառությամբ 2010թ.-ի:
Վերոգրյալ փաստագրումներով պայմանավորված, պատգամավորի կողմից հնչեցված մեղադրանքները զուրկ են հիմնավորումից»: