2026 թ. պետբյուջեի մասին նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահը

2026 թ. պետբյուջեի մասին նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահը

ՀՀ ԱԺ նոյեմբերի 12-ի հերթական նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«2026 թվականի բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն արտացոլում է Հայաստանի մրցակցության աճի ապահովման, տնտեսական անվտանգային ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում ներդրումների զգալի ընդլայնման միջոցով տնտեսության դիմակայունության ամրապնդումը եւ ՀՆԱ ներուժի աճի ապահովումը»,- ասել է Մարտին Գալստյանը:

Նա նշել է, որ 2026 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,4 տոկոս տնտեսական աճի ապահովման ելակետից՝ շեշտադրելով հարկաբյուջետային կոնսոլիդացիայի եւ պարտքի կայունության ապահովումը, ինչպես նաեւ տնտեսական ներուժի՝ վերջին տարիների ձեւավորված բարձր մակարդակի պահպանումն ու աճին նպաստումը: Հարկաբյուջետային քաղաքականության ռիսկերի արդյունավետ կառավարման տեսանկյունից զեկուցողը կարեւորել է պահուստային ֆոնդի օգտագործման խիստ սահմանափակումների առկայությունը՝ ուղղված բացառապես մակրոտնտեսական ռիսկերից բխող հնարավոր լրացուցիչ ֆինանսական պահանջների բավարարմանը:

Տնտեսական աճի հեռանկարի հետ կապված ռիսկերի եւ անորոշությունների համատեքստում ԿԲ նախագահն առանցքային է համարել 2026 թվականին հարկերի հավաքագրման բարեփոխումների շարունակականության եւ արդյունավետության ապահովումը:

Մարտին Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն կշարունակի հետեւողական քաղաքականությունը գնաճի եւ գնաճային սպասումների կարգավորման ուղղությամբ: