ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ սահմանելով 6.75% (լրացված)

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ սահմանելով 6.75% (լրացված)

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75%։

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:

Սա 2025 թվականի փետրվարից ի վեր վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մնալու վեցերորդ դեպքն է։

ՀՀ կենտրոնական բանկը կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարի 4–ից հետո չի փոխվել. փետրվարի 4-ին այն  իջեցվել էր 0.25 տոկոսային կետով` սահմանվելով 6.75 %։
Գալստյանի խոսքով` մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներն ընդհանուր առմամբ ակնկալում են, որ ԿԲ–ն միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 6.25–6.5 տոկոս։
«ԿԲ–ն, քննարկելով հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցության հետ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճը, խոսքը ԱՄՆ-ի մասին է, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման ռիսկերը, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ վերաֆինանսավորման ավելի բարձր տոկոսադրույքի ուղի, որոշեց անփոփոխ թողնել տոկոսադրույքը»,– ասաց նա։
Ներկայացնելով ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը` Գալստյանը նշեց, որ 2025 թ. 3–րդ եռամսյակում 12–ամյսա գնաճը փոքր–ինչ արագացել է` սեպտեմբերին կազմելով 3.7 տոկոս։
«2025 թ. 3–րդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն ավելացել է, որին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների ազդեցությունը։ Արձանագրվել է նաև տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ»,– նշեց Գալստյանը։
Նա վստահեցրեց, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է համարժեք գործողություններ ձեռնարկել միջնաժամկետ հորիզոնում գնաճը 3 տոկոսանոց նպատակային ցուցանիշի վրա կայունացնելու համար։
Նշենք, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ են ստիպված լինում վարկ վերցնել ԿԲ–ից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։