Քննարկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի հաջորդ տարվա բյուջետային հայտն ու ծրագրերը
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության գերակայություններից է իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ համապետական եւ միջպետական գործընթացներում ակտիվ մասնակցություն ունենալը՝ ապահովելով թափանցիկություն ու օբյեկտիվություն: Այս մասին ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանն ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 29-ի համատեղ նիստում «2026 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի քննարկման ժամանակ:
Խաչատուր Պողոսյանի խոսքով աշխատակազմի գործունեությունը միտված է հանրության կողմից ընկալվելու որպես կայուն, վստահելի, հեղինակավոր եւ ինստիտուցիոնալ կառույց:
«Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի, «Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչության ապահովում» միջոցառման համար 2026 թվականի համար ներկայացվել է 1 մլրդ 618 մլն դրամի բյուջետային հայտ, ընթացիկ տարվա 1 մլրդ 617 մլն-ի փոխարեն:
Աշխատակազմը ֆինանսավորվում է մեկ ծրագրով՝ երկու միջոցառմամբ:
Խաչատուր Պողոսյանի փոխանցմամբ ծրագրային բյուջետավորման ձեւաչափով սահմանվել են նախագահի աշխատակազմի ծրագիրն ու միջոցառումները, նաեւ՝ արդյունքային ցուցանիշները: Նախատեսված է Ազգային ժողովի ընդունած 460 օրենքների՝ Հանրապետության նախագահի ստորագրման, նախագահի կողմից 200 հրամանագրերով հանրապետության քաղաքացիության շնորհման գործընթացների ապահովում, դատապարտյալների ներման վերաբերյալ 5 հրամանագրերի նախապատրաստում, 270 անձանց շքանշաններով ու մեդալներով պարգեւատրման, ինչպես նաեւ պատվավոր կոչման շնորհման ապահովում, բարձրագույն դասային աստիճանների, դիվանագիտական աստիճանների շնորհման գործընթացի ապահովում, ինչպես նաեւ նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող այլ գործառնությունների իրականացում:
2026 թվականին նախատեսվում են նախագահի արտասահմանյան այցեր եւ այլ պետությունների ղեկավարների՝ հանրապետություն այցեր, նախագահի մասնակցությունը որոշ արտասահմանյան միջոցառումներին, նաեւ մարզային այցեր: