Ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք առևանգել են օտարերկրացիներին և պահանջել գումար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իբրև ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, վերցրել սեղանին դրված փոշիանման զանգվածը և հայտնել թմրամիջոց հայտնաբերելու մասին։
Արդյունքում, ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք օտարերկրացուն և իր ընկերոջը բաժին տեղափոխելու պատրվակով, շահադիտական դրդումներով՝ հետագայում գումար պահանջելու դիտավորությամբ, նստեցրել են ավտոմեքենան և ուղևորվել Երևան-Սևան մայրուղու ուղղությամբ՝ այդ կերպ խաբեությամբ առևանգելով նրանց։
Այնուհետև, առերևույթ հանցանք կատարած անձինք սպառնալով, որ կհրապարակեն օտարերկրացու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ, պահանջել են գումար, և Երևան հասնելուն պես, օտարերկրյա քաղաքացին իր և ընկերոջ կյանքի և առողջության նկատմամբ իրական վտանգ զգալով՝ փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն 281 հզր 560 ՀՀ դրամին համարժեք կրիպտոարժույթ։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը։