ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետները Հայաստանի լոգիստիկ հիմնախնդիրների համապարփակ հետազոտություն են իրականացրել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հոկտեմբերի 17-ին կայացավ «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, պետական կառավարման, գործարար հատվածի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Մինչ քննարկման մեկնարկը ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ստորագրեցին հուշագիր, որը երկուստեք համագործակցություն է սահմանում մի շարք ուղղություններով՝ համատեղ ուժերով կրթական ծրագրերի բարելավում, հետազոտությունների իրականացում, փորձառությունների, մասնագիտական քննարկումների կազմակերպում և այլն։

Բացելով քննարկումը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձավ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին և օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերից հետո ստեղծված իրադրությանը:
«Կարծում եմ՝ այսօրվա թեման ամենաքննարկվողներից մեկն է, որը Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկն» է։ Այդ շրջանակներում մենք կարիք ունենք լրջագույն վերլուծությունների՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք «Խաղաղության խաչմերուկ» գաղափարն իրականություն դարձնել։ Այդ գաղափարը երկու տարի առաջ ներկայացվեց ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային հանրությանը։ Նախնական շրջանում բավական թերահավատություն կար, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որքանով կարող է դառնալ իրականություն։ Քննադատությունների պակաս չի եղել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ գաղափարը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության և տնտեսական փոխկապակցվածության կարևոր խթան»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ քննարկումից ակնկալում է կոնկրետ և գործնական առաջարկներ:

Ներկաներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով չափազանց կարևոր հետազոտական օրակարգը համատեղ քննարկելու պատրաստակամության համար։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ անկախությունից ի վեր մեր պետությունը հայտնվել է «քվազիմեկուսացման» պայմաններում, ինչը մեծապես խոչընդոտել է մեր երկրի տնտեսական զարգացմանը։ Բուհի ղեկավարը նշեց, որ ՀՀ անվտանգության խորհրդի կողմից պատվիրակված և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից կատարված հետազոտությունը միտված է մեր պետության ամենաարդիական ծրագրերից մեկի կենսագործման հիմնախնդիրների բացահայտմանը։
Կլոր սեղանի առանցքում Հայաստանի լոգիստիկ հիմնախնդիրների համապարփակ քննարկումն էր։ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Սուրեն Մինասյանը ներկայացրեց «Հայաստանի լոգիստիկ համակարգը տարածաշրջանային «քվազիմեկուսացման» պայմաններում» զեկույցը, իսկ նույն կենտրոնի փորձագետներ Հովհաննես Մելքումյանը և Տաթևիկ Վարդանյանը՝ համապատասխանաբար «ՀՀ լոգիստիկ հիմնախնդիրների գնահատականը տնտեսամաթեմատիկական գործիքակազմով» և «Հայաստանի լոգիստիկ համակարգի կատարելագործման հիմնուղիները և ներուժի զարգացման հնարավորությունները» զեկույցները։ Հետազոտության արդյունքում ներկայացվեցին մի շարք առաջարկներ, որոնց թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների և տարանցիկ ուղիների զարգացում, մաքսային և օրենսդրական ընթացակարգերի թվայնացում, բազմաֆունկցիոնալ լոգիստիկ կենտրոնների ու հանգույցների գործարկում, սերտիֆիկացման և որակի վերահսկողության ենթակառուցվածքների զարգացում, մասնագիտական կարողությունների զարգացում, տեղեկատվական և թվային հարթակների առկայություն արտահանողների համար, քաղաքական և ինստիտուցիոնալ աջակցություն։



Ներկայացված թեմաների շուրջ ծավալվեց քննարկում՝ նպատակ ունենալով մասնագիտական միջավայրում ձևավորելու մոտեցումներ՝ ուղղված ոլորտի լավարկմանը, արդյունավետության բարձրացմանն ու ռազմավարական լուծումների մշակմանը։ Ներկաները հետազոտությունը գնահատեցին ամբողջական և կարևոր՝ հույս հայտնելով, որ թեմայի շուրջ գիտական հանրույթի հետազոտական աշխատանքները կլինեն շարունակական։
ՀՊՏՀ ռեկտորը հավաստեց՝ Տնտեսագիտական համալսարանը շարունակելու է պետության համար առաջնային համարվող հիմնախնդիրների շուրջ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և շնորհակալություն հայտնեց մասնակցության համար՝ ընդգծելով․«Մենք բոլորս մեր գործն ենք անում, որպես ՀՀ քաղաքացիներ փորձում ենք մեր արժեքաստեղծ գործունեությամբ ծառայել մեր երկրին»։
Քննարկման ավարտից հետո ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահը շրջայց կատարեց բուհի ամբողջությամբ արդիականացված 5 նոր համակարգչային լաբորատորիաներում, որոնք նորագույն տեխնոլոգիական միջոցներով, ժամանակակից ծրագրային ապահովմամբ, թվային հարթակների հասանելիությամբ կրթական նոր միջավայրի մաս են կազմում։
