ԵԱՀԿ նախագահը հոկտեմբերի 13-15-ին կայցելի Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 13-15-ին կայցելի Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան՝ հանդիպումներ ունենալու բարձրաստիճան պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
Օրակարգում, ի թիվս այլ բաների, կներառվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում առաջընթացի քննարկումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրան առնչվող կառույցների ավարտին։ Վրաստանում հանդիպումները կկենտրոնանան երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերների վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵԱՀԿ-ի կողմից Ժնեւի միջազգային քննարկումներին (GID) շարունակական աջակցությանը, որը նպատակ ունի լուծել 2008թ․ պատերազմի հետեւանքները։
Ֆինլանդիան, որպես ԵԱՀԿ-ում 2025թ․ նախագահուղ երկիր, մեծ նշանակություն է տալիս քաղաքացիական տարածքի պաշտպանությանը եւ քաղաքացիական հասարակության գործունեության համար բարենպաստ միջավայրի ապահովմանը։ Այս առաջնահերթությունը կընդգծվի այցի ընթացքում։