Ազդարարվեց Ժողովրդագրական դիմակայունության խթանման նոր ծրագրի մեկնարկի և Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի բացումը

Ազդարարվեց Ժողովրդագրական դիմակայունության խթանման նոր ծրագրի մեկնարկի և Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի բացումը

2025թ. հոկտեմբերի 7-ին, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը պաշտոնապես ազդարարեցին երկու կարևոր նախաձեռնություն։ Առաջինը «Ժողովրդագրական դիմակայունությունկանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականությունների միջոցով» ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Երկրորդը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, ԵՊՀ-ում Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի բացումն է։

Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը կծառայի որպես ժողովրդագրական խորացված ուսումնասիրությունների հանգույց, կխթանի փաստահեն քաղաքականությունների մշակումը և ժողովրդագրական կրթությունը՝ աջակցելով Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացմանը: Իսկ նոր ծրագիրը, կենտրոնի հետ համագործակցությամբ, կկենտրոնանա տվյալների օգտագործման վրա՝ ուղղված կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնմանը, ինչը Հայաստանի ժողովրդագրական դիմակայունության կարևոր բաղադրիչներից մեկն է։

ԵՊՀ-ում կայացած միջոցառումը համախմբեց շահագրգիռ կողմերի լայն շրջանակ, ներառյալ կառավարության, ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, դիվանագիտական և դոնոր համայնքների, ինչպես նաև ՄԱԿ-ի համակարգի ներկայացուցիչների։ Այն ծառայեց որպես հարթակ՝ ընդգծելու հետազոտությունների, տվյալների և փաստահեն քաղաքականությունների դերը՝ ներառական ժողովրդագրական կայունության խթանման գործում:

Միջոցառմանը բացման խոսքերով հանդես եկան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան ՆԳԱլեքսանդրա Քոուլը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լուսինե Սարգսյանը:

«Ժողովրդագրական կենտրոնի առաջնային նպատակը տվյալների հիման վրա քաղաքականությունների մշակումն է, նոր  հետազոտությունների խթանումը և հետագայում նաև կրթական բաղադրիչի ավելացումը։ Այն մեզ հնարավորություն է տալու նաև վերապատրաստումներ իրականացնել տարբեր ոլորտային մասնագետների համար, ինչպես նաև հրաշալի հարթակ է մեր ուսանողների համար, որոնք ներգրավված են լինելու հետազոտական աշխատանքներում և դառնալու են ժողովրդագիրներ՝ դրանով իսկ լրացնելով մասնագիտական բացը», – իր ողջույնի խոսքում ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Ուրախ ենք, որ այսօր մեկնարկող ծրագիրը լիովին համահունչ է ՀՀ կառավարության առաջնահերթություններին՝ այստեղ միավորվում են գիտական հետազոտությունները, տվյալների վերլուծությունը և քաղաքականությունների մշակումը, ինչը մեզ թուլ է տալիս փաստերի վրա հիմնված և արդյունավետ մոտեցումներ որդեգրել ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական արդի մարտահրավերներին արձագանքելու համար։ Լիահույս եմ, որ մեր համատեղ աշխատանքը կշարունակի նպաստել ՀՀ կառավարության ստանձնած հանձնառությունների կատարմանը՝ միտված երկրում ժողովրդագրական կայունության և մարդկային ներուժի լիարժեք բացահայտմանը», - նշել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

ՄԹ դեսպանի համոզմամբ«Այս ծրագիրն ավելին է, քան պարզապես քաղաքականության միջամտություն. այն ներդրում է Հայաստանի ապագայի համար: Կանանց հզորացնելով ցկյանս ուսուցման և գենդերային զգայուն քաղաքականության մշակման միջոցով՝ Միացյալ Թագավորության կառավարությունն օգնում է հիմքեր դնել ավելի ամուր ժողովրդագրական կայունության և ներառական տնտեսական աճի համար»։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն ընդգծել է. «Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է: Այն կծառայի որպես գերազանցության կենտրոն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Կայուն զարգացումը առանցքային է ՄԱԿ-ի համար, և երբ դուք ներդրում եք կատարում կրթական հաստատությունում, դուք երաշխավորում եք կայունությունը»։

«Ծրագիրը, որն այսօր մեկնարկում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության զարգացման ծրագրերի աջակցությամբ, լոկ նախաձեռնություն չէ։ Այն ավելի մեծ առաքելության մաս էթե ինչպես Հայաստանը կարող է ժողովրդագրական մարտահրավերները վերածել հնարավորությունների և ինչպես կանանց հզորացումն ու գենդերային հավասարությունը կարող են դառնալ կայունության և աճի շարժիչ ուժ։», – ասել է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։

Պաշտոնական բացումից հետո ԵՊՀ Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը ներկայացրեց կենտրոնի առաքելությունն ու նպատակները: Այնուհետև ՄԱԲՀ Բնակչություն և զարգացում ծրագրի ղեկավար Տաթևիկ Բադալյանը ներկայացրեց ժողովրդագրական կայունությանն ուղղված նոր ծրագիրը: Միջոցառումը ներառում էր նաև ինտերակտիվ երկխոսություն՝ «Աշխատանք, խնամք և ընտրություն» թեմայով, որը վարում էր «Ամերիա Քոնսալթինգ» ընկերության Գործընկեր, Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն պարոն Տիգրան Ջրբաշյանը:

Միջոցառման շրջանակում ցուցադրվեց նաև «Կրկնակի հերթափոխ. կանանց անտեսանելի աշխատանքը» խորագրով ցուցահանդեսը՝ որպես տանը և աշխատավայրում կանանց ներգրավվածության խնդիրների շուրջ քննարկումների արտապատկերում:

2.jpg (113 KB)

3.jpg (175 KB)