Անուշիկ Ավետյանը մասնակցել է Երևանում անցկացված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին

Անուշիկ Ավետյանը մասնակցել է Երևանում անցկացված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մասնակցել է Երևանում անցկացված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանը և Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում․ ժողովրդավարության ամրապնդում և տարածաշրջանային անվտանգություն» 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին։
«Տնտեսական մարտահրավերները և համագործակցությունը Հարավային Կովկասում» խորագրով քննարկման ընթացքում նախարարի տեղակալը նշել է.
«Հարավային Կովկասի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտները պայմանավորված են վերջին տասնամյակների խորացած հակամարտություններով, որոնք խորը ազդեցություն են թողել ոչ միայն տնտեսության աճի, այլև ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ընդհանուր տնտեսական անվտանգության վրա։ Այս հակամարտությունների հետևանքով տուժել է ներդրումային միջավայրը, սահմանափակվել է ձեռնարկատիրական նախաձեռնությունների զարգացումը, իսկ ենթակառուցվածքները՝ փոխկապակցվածության բացակայության պայմաններում, չեն կարողացել կատարել իրենց տնտեսական դերակատարությունը։ Այս ամենը վկայում է մի պարզ, բայց առանցքային ճշմարտության մասին՝ առանց խաղաղության տնտեսությունը չի կարող առաջընթաց ապրել»։
Նա ընդգծել է փոխադարձ վստահության վրա տարածաշրջանային փոխկապակցվածության ու խաղաղության նոր մակարդակ հիմնելու անհրաժեշտությունը՝ ավելացնելով․ «Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հենց այս նպատակին է ծառայելու՝ միտված լինելով ոչ միայն հաղորդակցությունների ապաշրջափակմանը, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրների համար իրական տնտեսական անվտանգություն ձևավորելուն։ Հարավային Կովկասի երկրները կանգնած են միևնույն մարտահրավերների առաջ։ Սակայն երբ համագործակցությունը դառնում է առաջնահերթություն, այդ մարտահրավերները վերածվում են հնարավորությունների։ Արդյունավետ գործընկերությունն այսօր կարող է հիմք դառնալ պարենային անվտանգության, ագրոարդյունաբերության զարգացման և ընդհանուր սոցիալ-տնտեսական կայունության համար։ Ճիշտ ուղու վրա ենք, և այդ ուղին տանում է դեպի խաղաղություն, կապեր ու առաջընթաց»։