«Մտահոգիչ թվեր հնչեցին». քաղաքացիները 5 բալանոց համակարգով գնահատել են քաղաքապետարանի աշխատանքը
Տարեսկզբից մինչ սեպտեմբերի 26-ը ստացված 19075 հայտից, ավարտված կարգավիճակում են 18 200-ը և դրանցից գնահատվել է ընդամենը 8062-ը. Դրանք ստացվել են քաղաքացիներից ի պատասխան այն հարցի, թե որքանով է արդյունավետ լուծվել ներկայացված խնդիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Լիլիթ Յավրյանը։
Նա ներկայացրեց, թե 5 բալանոց համակարգով ինչպես են քաղաքացիները գնահատել վարչական շրջաններում ու քաղաքապետարանի ու նրա կառույցների աշխատանքը.
«Աջափնյակ վարչական շրջան՝ 3.8, Ավան վարչական շրջան՝ 2.9, Արաբկիր վարչական շրջան՝ 3.3, Դավթաշեն վարչական շրջան՝ 3.9, Էրեբունի վարչական շրջան՝ 3.4, Կենտրոն վարչական շրջան՝ 3.6, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 3.6, Նոր-Նորք վարչական շրջան՝ 3.5, Նորք-Մարաշ վարչական շրջան՝ 2.1, Նուբարաշեն վարչական շրջան՝ 2, Շենգավիթ վարչական շրջան՝ 3.1, Քանաքեր-Զեյթուն վարչական շրջան՝ 3.1.
Կառուցվածքային ստորաբաժանումների մասով ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը երեք, առողջապահության վարչությունը երեք՝ մոտ 4, առևտրի ծառայությունների և գովազդի վարչություն՝ 4.1, բնապահպանության վարչություն՝ 2,8, կոմունալ տնտեսության վարչություն՝ 3, հանրակրթության վարչություն՝ 2.6, մշակույթի և տուրիզմի վարչություն՝ 3,5, շինարարության և բարեկարգման վարչություն՝ 3.6, տրանսպորտի վարչություն՝ 3.3, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն՝ 2.9, հասարակական կարգի պահպանության ծառայություն՝ 1.6։
Առանձնացված այլ ստորաբաժանումների մասով՝ Երևան ավտոբուս ՓԲԸ՝ 2.8, «Երևան Տրանս» ՓԲԸ 3.5, «Երքաղլույս» ՓԲԸ 4.4, ԵԱՍՄ ՀՈԱԿ՝ 4.1, «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ՝ 3.4, «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ՝ 4.8, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ՝ 2.8, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ՝ 3.8, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ՝ 3.7, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ՝ 4.6, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»՝ 2.9, «Վեոլիա ջուր» ՓԲԸ՝ 2.9 «Դավար» ՍՊԸ՝ 3.6 և «Թելսել» ԲԲԸ՝ 3.5»,–ասաց Յավրյանը։
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Եվ որոշակի դրական բաներ լսեցինք և որոշակի մտահոգիչ բաներ լսեցինք Օրինակ, հասկանալի է որ փոքր վարչական շրջաններում մի քանի ընդամենը վատ գնահատականը կարող է ամբողջ պատկերը փչացնել և այդտեղ մի փոքր, միգուցե դժվար լինի հստակ հասկանալ՝ արդյոք այս գնահատականին համապատասխան է, թե ոչ։ Բայց ուզում եմ շատ կարևոր մի բան ֆիքսենք: «Ակտիվ քաղաքացի» հարթակը ստեղծված է նրա համար, որպեսզի քաղաքացիները բարձրաձայնեն Երևան քաղաքում իրենց արձանագրած այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք և մենք պարտավոր ենք դա անել։ Այս գնահատականներն էլ ցույց են տալիս, թե մենք որքան լավ ենք կարողանում մեր քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները լուծել և որքան բավարարված են նրանք մնում մեր աշխատանքից։
Աայս գնահատականներով պայմանավորված է լինելու նաև մեր որոշակի կատարողական աշխատանքը, պայմանավորված են լինելու խրախուսման որոշակի ծրագրեր, բայց դրա հակառակը նույնպես նախատեսված է։ Այսինքն մենք էլ հետևություն ենք անելու, որ որ վարչական շրջանը, մեր որ ստորաբաժանումը ինչպես է շփվում քաղաքացիների հետ և ինչպես է քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները լուծում։
Հետևապես, հատուկ խնդրում եմ ձեզ բոլորդ ուշադիր լինեք «Ակտիվ քաղաքացի» հարթակ հավելվածին և ամեն մեկդ ձեր գնահատականի պատասխանատուն լինեք, որովհետև մտահոգիչ թվեր նույնպես հնչեցին»։
Աղբյուրը՝ news.am