Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում
Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշանավորվել է գիտական դաշտային արշավով «Որդան Կարմիր» պետական արգելավայրում։
Արշավն իրականացվել է առավոտյան՝ միջատների ակտիվության ժամին՝ նպատակ ունենալով ընդգծել բնության հատուկ պահպանվող տարածքների կարևորությունը և ուսումնասիրել որդան կարմիր միջատի կենսաբանական առանձնահատկությունները՝ նրա բնական միջավայրում։
Արշավի ընթացքում մասնակիցները՝
• կատարել են դաշտային դիտարկումներ,
• արձանագրել միջատի վարքագծային դրսևորումները,
• իրականացրել լուսանկարահանումներ և գիտական նոթագրություն։
Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի ուսանողները հանդես են եկել միջատի վերաբերյալ տեղեկատվական ներկայացումներով, իսկ միջատաբան Մարկ Քալաշյանը մասնագիտական մեկնաբանություններով առաջնորդել է ամբողջ ուսումնասիրության ընթացքը։
Քայլարշավի ավարտին կազմակերպվել են ամփոփիչ քննարկումներ, մասնակիցների հետ հարցազրույցներ, ինչպես նաև լուսանկարահանում՝ փաստելու գիտակրթական այս նախաձեռնության կարևոր պահերը։
«Անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվել են ձյունակոտոր, քամատապալ ծառերի հայտնաբերման և լրացուցիչ հատատեղերի հատկացման աշխատանքներ:
Երեք աշխատանքային շաբաթ տևած ուսումնասիրությունների ընթացքում գույքագրվել են քամատապալ և ձյունակոտոր ծառերը, որոնք բնապահպանական տեսանկյունից այլևս անօգուտ են և կարող են վնաս հասցնել անտառի հավասարակշռության պահպանմանը:
Գույքագրված ծառերը որպես վառելափայտ կտրամադրվեն ազգաբնակչությանը:
Աշխատանքներն իրականացվել են շրջակա միջավայրի նախարարի հրամանով ստեղծված, շրջակա միջավայրի նախարարության և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական հանձնախմբի կողմից: Ուսումնասիրություններին մասնակցել են նաև
«Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ներկայացուցիչները:
«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն այցելել են ՊՈԱԿ-ի թանգարան և «Խոսրով» տեղամաս, նպատակ ունենալով հարստացնել իրենց էկոլոգիական գիտելիքները և ավելի խորապես ճանաչել Հայաստանի կենսաբազմազանությունն ու բնության պահպանման կարևորությունը։
Թանգարանում աշակերտները ծանոթացել են
  • արգելոցի պատմությանը, ջրագրությանը և էկոհամակարգերին
  • բուսական և կենդանական աշխարհին,պատմամշակութային հուշարձաններին
  • «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերի յուրահատկություններին:
  • ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողներ այցելել են Վահագնի և Աստղիկի ջրվեժներ։
Այցը Կովկասի բնության հիմնադրամի (CNF) և ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությունն էր։
Տեղի է ունեցել բնության հատուկ պահպանվող տարածքներին նվիրված էկոկրթական միջոցառումը:
Մասնակիցները ծանոթացել են Հայաստանի բնության եզակի արժեքներին, դրանց պահպանմանն ուղղված մարտահրավերներին և լուծումներին, դիտել են հետաքրքիր տեսանյութ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների մասին:
Իրականացվել է քննարկումներ, հարց ու պատասխան բնության հատուկ պահպանվող տարածքների կարևորության և պահպանման մասին: