Հայաստանը հստակ հայտարարել է, որ որևէ քայլ չի ձեռնարկի, որը չի բխի երկու երկրների շահերից. Իրանի դեսպան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և իշխանությունները հստակ հայտարարել են, որ որևէ գործողություն չեն ձեռնարկի, որը չի բխի Հայաստանի և Իրանի շահերից։  Մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով վաշինգտոնյան հռչակագրին։ 

Դեսպանի խոսքով՝ Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացի մի մասը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մենք միշտ աջակցել ենք և ողջունել։ Այժմ ևս աջակցում ու ողջունում ենք այդ փաստաթղթի ստորագրումը»,- ընդգծեց Սոբհանին։

Նա նշեց, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստորագրած հայտարարությունում ամրագրված են հինգ սկզբունքներ՝ ազգային ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն։ 

«Սրանք այն սկզբունքներն են, որոնց մենք մշտապես աջակցել ենք։ Իհարկե այնտեղ կային նաև անհասկանալի պահեր, սակայն հայ-իրանական երկկողմ հանդիպումների ընթացքում կարող եմ ասել, որ այդ անհասկանալի պահերը վերացել են»,- ասաց դեսպանը։

Սոբհանին ընդգծեց, որ իրանական կողմը սերտ կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի տեղեկացված լինի գործընթացների մասին։ 

Միևնույն ժամանակ, նա կարևորեց այն, որ երկու երկրների միջև կա ընդհանուր փոխըմբռնում։