Հայաստանի տնտեսական ակտիվության ոլորտային պատկերը 2025-ին

Հայաստանի տնտեսական ակտիվության ոլորտային պատկերը 2025-ին

Հայաստանի տնտեսությունը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին շարունակել է աճել՝ արձանագրելով տնտեսական ակտիվության 7,5 % աճ նախորդ տարվա համեմատ։ Տարեսկզբին աճի տեմպերը համեմատաբար մեղմ էին (առաջին եռամսյակում՝ 4,1 %), սակայն երկրորդ եռամսակից հետո ակտիվությունը նկատելիորեն ուժեղացել է։

Այս աճի շարժիչ ուժերը հիմնականում կապված են շինարարության և ծառայությունների ոլորտների ընդլայնման հետ, մինչդեռ արդյունաբերությունը շարունակում է արձանագրել անկում՝ դառնալով տնտեսության համար ամենախնդրահարույց հատվածը։

Ամենաակտիվ ոլորտները

  • Շինարարություն – աճը կազմել է շուրջ 20,4 %, ինչը պայմանավորված է թե՛ բնակարանաշինության, թե՛ ենթակառուցվածքային նախագծերի աշխուժացմամբ։

  • Ծառայություններ – արձանագրվել է 10,2 % աճ, որտեղ հիմնական ներդրումն ունեն ՏՏ-ն, կրթությունը, առողջապահությունը և այլ ոչ առևտրային ծառայությունները։

  • Գյուղատնտեսություն – աճել է մոտ 7,3 %՝ ցուցաբերելով կայուն զարգացում։

  • Առևտուր – 3,9 % աճ, որը համեմատաբար ավելի մեղմ է, սակայն դրական միտումն  ապահովում է։

Անկում ապրող ոլորտներ

  • Արդյունաբերություն – արձանագրել է շուրջ 7,8 % անկում։ Սա մտահոգիչ է, քանի որ արդյունաբերությունը մշտապես եղել է ՀՆԱ կառուցվածքի կարևոր բաղադրիչ։ Հիմնական պատճառներից են մետաղների և հանքարդյունաբերության արտահանման նվազումը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության խնդիրները։

  • Արտաքին առևտրի ոլորտում անկաումը կազմել է 41,1%

Այսպիսով կարող ենք ասել, որ Հայաստանի տնտեսության այս տարվա ակտիվությունը պայմանավորված է առավելապես ներքին շինարարական և ծառայողական բումով։ Սակայն արդյունաբերության անկումը և արտաքին առևտրաշրջանառության նվազումը ցույց են տալիս կառուցվածքային խոցելիություններ։ Եթե արդյունաբերական խնդիրները չլուծվեն, ապագա աճը կարող է կորցնել կայունությունը։