Ինչո՞ւ են կրճատվել պաշտպանության ծախսերը

Ինչո՞ւ են կրճատվել պաշտպանության ծախսերը
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026թ-ին պաշտպանության ոլորտին հատկացնել 566 միլիարդ դրամ, ինչը 15%-ով պակաս է, քան 2025թ-ի համար ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 10%-ով (62 միլիարդով) պակաս, քան 2026թ-ի համար պլանավորել էին անցած տարի։ Այս մասին գրում է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։ 
«2022թ-ին և 2023թ-ին, համապատասխանաբար 2023-25թթ-ի և 2024-26թթ-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, նախատեսվում էր 2025թ-ին պաշտպանության ոլորտին հատկացնել 514-520 միլիարդ դրամ, այնինչ պետբյուջեի ճշտված ծրագրով 2025 թվականին պաշտպանության գծով ծախսերը կկազմեն 668 միլիարդ դրամ, այսինքն 2025թ-ին նախնական պլանների համեմատ հատկացումը շուրջ 29%-ով ավել է եղել։
Միջնաժամկետում պաշտպանության ծախսերի պլանավորման դինամիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ 2026թ-ի պաշտպանության ծախսերի կրճատումը պայմանավորված է դրանց առաջանցիկ կատարման անհրաժեշտությամբ, այսինքն միջնաժամկետում այդ ծախսերի մի մասը անհրաժեշտ է եղել վերաբաշխել և կատարել 2025թ-ին։
Միաժամանակ, ակնհայտ է դառնում, որ 2024թ-ին կառավարությունը նախապես պլանավորել էր 2026թ-ին պաշտպանության ծախսերին ուղղել 629 միլիարդ դրամ (բյուջեի ծախսերի 16.5%-ը), սակայն հիմա խոսքը գնում է 566 միլիարդ դրամի մասին (բյուջեի ծախսերի 15.6%-ը)։ Այսպիսի կրճատումը թերևս պայմանավորված է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կրճատմամբ, մասնավորապես, 2024թ-ին ՄԺԾԾ-ով կանխատեսվում էր, որ 2026թ-ի բյուջեի ծախսերը կկազմեն 3.81 տրիլիոն դրամ, այնինչ 2026թ-ի պետբյուջեի նախագծով կազմում է 3.58 տրիլիոն դրամ։
Այդուհանդերձ, 2025-27 և 2026-28թթ-ի ՄԺԾԾ-ների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն 2026թ-ի պաշտպանության պլանավորվող ծախսերի կրճատման (62 միլիարդ դրամով), սոցիալական պաշտպանության ծախսերը աճել են 18 միլիարդով, իսկ կրթությանը՝ 42 միլիարդով։ Հարկ է նշել, որ կրթության դեպքում ծախսերի աճը առավելապես պայմանավորված է դպրոցաշինության ծրագրով։
Եվ վերջապես, ի՞նչու են կրճատվել պաշտպանության ծախսերը 2026թ-ին։ Մի քանի եզրահանգում ենք արել, որ կուզենայի ընդգծել՝
1. Իսկապես, 2025թ-ին պաշտպանության ծախսերը կտրուկ աճել են նախնական պլանների համեմատ (2022-2023թթ-ի), ինչն անուղղակիորեն հաստատում է այն տեսակետը, որ կառավարությունը միջնաժամկետում պաշտպանության ծախսերն ըստ անհրաժեշտության վերաբաշխում է արել՝ կտրուկ ավելացնելով 2025թ-ի ծախսերը, որը խիստ դժվար կլինի մշտապես նույն մակարդակում պահել կամ ավելացնել․․․
2. Կառավարությունը 2024թ-ին պլանավորել էր, որ 2026թ-ին պաշտպանության գծով ծախսերը կկազմեն 629 մլրդ դրամ, սակայն 2025թ-ին պարզ էր դարձել, որ 2026թ-ին պետական բյուջեի ընդհանուր ծախսերը հնարավոր չի լինի հասցնել 3.81 տրիլիոն դրամի, հետևաբար նաև կրճատվել են պաշտպանական ծախսերը։
Այդուհանդերձ, ակներև է, որ կառավարությունը առաջիկա տարիների համար պլանավորում է աստիճանաբար նվազեցնել պաշտպանության ծախսերի մասնաբաժինը պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կառուցվածքում, սա ինձ համար՝ որպես քաղաքացու, մտահոգիչ է, ավելին հարց է առաջանում՝ արդյո՞ք պաշտպանական ծախսերի հարաբերական նվազման միտումը peace dividend ստանալու ձգտում է։ Եթե այո, շա՞տ չենք շտապում․․․․ »