Վարդենիս համայնքի Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզի դռներն արդեն բաց են

Վարդենիս համայնքի Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզի դռներն արդեն բաց են
 
Տեղի է ունեցել Վարդենիս համայնքի Բանավան թաղամասում նորակառույց մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությունը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 «Մասնակցեցի միջոցառմանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Վազգեն Ալթունյանի և Արգենտինայի տեղական մարմնի ատենապետ Ալեխանդրո Կալպակյանի հետ։
Մանկապարտեզի կառուցումն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ՝ 172 միլիոն դրամ արժողությամբ՝ տեր և տիկին Սարգիս և Հայկուհի Մառանճեանների հովանավորությամբ։
Մանկապարտեզը նախատեսված է 50 սանի համար, որն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից չափորոշիչներին։
Շնորհավորեցի համայնքին մանկապարտեզի բացման կապակցությամբ՝ ընդգծելով նախադպրոցական հաստատությունների զարգացման կարևորությունը մարզում։ Իմ հատուկ շնորհակալությունն ուղղեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև տեր և տիկին Մառանճեաններին՝ համայնքին ցուցաբերած արժեքավոր աջակցության համար։
Կառավարության կողմից մարզում լայն թափով իրականացվում են դպրոցների և մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման ծրագրեր։ Մենք կարևորում ենք կրթական հաստատությունների զարգացումը՝ որպես որակյալ կրթության ապահովման և երեխաների համար անվտանգ ու բարենպաստ միջավայր ստեղծելու կարևոր նախապայման։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող նախաձեռնություններն արժանի ներդրում են համայնքների սոցիալական զարգացման գործընթացում»։