Ասպարեզ. Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումից հետո կորոշվեն տեղակայվող բուժհիմնարկները

Ասպարեզ. Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումից հետո կորոշվեն տեղակայվող բուժհիմնարկները

Գյումրու Ն.Ա․Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1930-ական թվականներին։ Շենքը պատմամշակութային արժեք է եւ կառուցվել է ճարտարապետական ինքնատիպ լուծումներով։ Անմխիթար իրավիճակում հայտնված պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 27 հազար բնակչի։

Անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի ֆինանսավորման շրջանակում 2021 թվականին ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից  «Գյումրու Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի շենքի վերանորոգման համար տրամադրվել է 4 մլն 508 հազար ՀՀ դրամ, իսկ 2018-2020 թվականներին բուժհաստատությունն իր միջոցների հաշվին իրականացրել է 3 մլն 195 հազար դրամի մասնակի վերանորոգման աշխատանքներ։

Պոլիկլինիկայի վատթար պայմաններից դժգոհող քաղաքացիներին եւ լրատվամիջոցներին կառավարությունը որոշել է արձագանքել։ Նախատեսվում է շենքի ամբողջական հիմնանորոգում։

Շիրակի մարզպետի աշխատակազմից փոխանցում են, որ «Գյումրու Ն.Ա․Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի շենքի էսքիզային նախագիծն արդեն համաձայնեցված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ, գործընթացը ներկայում գտնվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրման փուլում։

Ըստ մարզպետի աշխատակազմի՝ շինարարությունն իրականացվելու է պետական միջոցների հաշվին, ծրագրի ընդհանուր արժեքի մասին տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել համապատասխան կապալի պայմանագիր կնքելուց հետո։

Պոլիկլինիկայի մասնաշենքում են գործում նաեւ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ի արյան ծառայության Գյումրու բաժանմունքի ու ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ՓԲԸ-ի Շիրակի մարզային կայանը։ Ասպարեզի հարցմանն ի պատասխան՝ մարզպետի աշխատակազմից փոխանցում են, որ այս բուժհիմնարկների տեղակայման վայրի հարցը դեռևս քննարկման փուլում է։

Օրեր առաջ, երբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում եւ ներկայացնում էր մարզի առողջապահական հետագա ծրագրերի մասին, տեղեկություններ շրջանառվեցին, որ թիվ 2 պոլիկլինիկային հիմնանորոգումից հետո այս շենքում են տեղակայվելու նաեւ Գյումրու Բեռլին եւ թիվ 1 պոլիկլինիկաները, պարզ ասած՝ 3 պոլիկլինիկայի միավորում է սպասվելու։

«Ասպարեզը» Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվել է, թե շինաշխատանքների ավարտից հետո Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի շենքում ո՞ր հիմնարկներն են շարունակելու գործել, ինչպե՞ս է կատարվել այդ հիմնարկների ընտրությունը։  ««Գյումրու Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի շենքի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո կորոշվեն այն բժշկական հաստատությունները, որոնք գործունեություն կծավալեն նշված շենքում»,-փոխանցել են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Մարզպետի աշխատակազմից նաեւ փոխանցել են, որ « «Յոլյան» արյունաբանությանևուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ի արյան ծառայության Գյումրու բաժանմունքի և ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ՓԲԸ-ի Շիրակի մարզային կայանն իրենց գործունեությունն են ծավալելու Կոշտոյան 7 հասցեում` «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նոր մասնաշենքի կառուցումից հետո։

Նյութն ամբողջությամբ՝ asparez.am