Պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը հենց այսօր, հույս ունենք՝ Անկարան կարձագանքի մեր պատրաստակամությանը. Ռուբինյան

Պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը հենց այսօր, հույս ունենք՝ Անկարան կարձագանքի մեր պատրաստակամությանը. Ռուբինյան

Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստան–ՆԱՏՕ հարաբերությունները սկիզբ են առել ավելի քան 30 տարի առաջ, և Հայաստանը մշտապես կարևորել է դաշինքի հետ գործընկերությունը՝ մասնակցելով խաղաղապահ առաքելություններին և աջակցելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

Ռուբինյանը ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է, և Երևանը պատրաստ է շարունակել այն՝ ուղղված տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության ամրապնդմանը։

«Խորհրդարանական մակարդակում հարաբերությունները զարգանում են 2022 թվականից, երբ ԱԺ-ն դարձավ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամ»,- ասաց նա։

Փոխնախագահը ներկայացրեց նաև վերջին զարգացումները Հարավային Կովկասում․ «Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ. 2024 թ․ օգոստոսի 30-ին ստորագրվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, սահմանազատվել է պետական սահմանի առաջին 12 կիլոմետրանոց հատվածը։ Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, ստորագրվել է խաղաղության մասին համատեղ հռչակագիր, իսկ երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրել են միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։

Տարածաշրջանային հաղորդակցություններ. Ռուբինյանը կարևորեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նախատեսում է Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների, գազատարների, էլեկտրական և ինտերնետային կապերի ընդլայնում։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը կարող է դառնալ Արևելք-Արևմուտք և Հյուսիսճ-Հարավ տրանսպորտային հանգույց»։

Նա հավելեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մնում է արտաքին քաղաքական առաջնահերթություն։ «Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը հենց այսօր», - ասաց Ռուբինյանը՝ հույս հայտնելով, որ Անկարան կարձագանքի Երևանի պատրաստակամությանը։

Անդրադառնալով արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղություններին՝ Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը երկար տարիներ կախված է եղել միայն մեկ բևեռից, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացնում ՀՀ-ի համար, և այժմ իրականացվում է քաղաքական, տնտեսական և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացում, այդ թվում՝ Եվրամիության հետ համագործակցության խորացում։

«2025 թ․ մարտի 26-ին Ազգային ժողովը նույնիսկ ընդունել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը ներկայացվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ»,- ասաց նա։

Ռուբինյանը եզրափակեց, որ Հայաստանը վճռական է կառուցել խաղաղ ու բարի դրացիական ապագա՝ օգտագործելով բացված պատմական հնարավորությունը։