Առաջին կիսամյակի տվյալներով, ՀՀ պետական պարտքը 13 մլրդ 852 մլն դոլար է. Ֆինանսների նախարար

Առաջին կիսամյակի տվյալներով, ՀՀ պետական պարտքը 13 մլրդ 852 մլն դոլար է. Ֆինանսների նախարար

Հայաստանի պետական պարտքն այս տարվա առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար։ Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2025թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի ներկայացմանը:

«Պետական պարտքը 2025թ առաջին կիսամյակում աճել է 4.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 7.9 տոկոսով: Դրամային և արտարժութային ցուցանիշների փոփոխությունների տարբերությունը պայմանավորված է պարտքի փոխարկման համար կիրառված 2024թ տարեվերջի և 2025թ հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի տարբերվող արժեքներով՝ համապատասխանաբար 396.6 և 384.3 դրամ»,-ասաց Հովհաննիսյանը:

Դրամային արտահայտությամբ կառավարության պարտքն աճել է 4.8 տոկոսով, իսկ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 2.2 տոկոսով:

Նախարարի խոսքով՝ նոմինալ առումով պետական պարտքը դրամով կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար:

Նա վստահեցրեց՝ կառավարության պարտքի պորտֆելի ռիսկի ցուցանիշները գտնվում են իրենց ուղենիշների մեջ: Միջին կշռված տոկոսադրույքը 2025-ի առաջին կիսամյակում 2024-ի վերջի համեմատությամբ մնացել է նույն մակարդակի վրա՝ կազմելով 7.2 տոկոս:

Ներքին պարտքը շարունակում է ավելի բարձր լինել, քան արտաքին պարտքը՝ հասնելով 52 տոկոսի: Դրամային պարտքը կազմում է 51 տոկոս՝ արտարժութային պարտքի 49 տոկոսի համեմատ: