ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կառավարիչ տնօրենի հետ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կառավարիչ տնօրենի  հետ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Մոսկովյան ֆինանսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կառավարիչ տնօրեն Անդրեյ Շիրոկովի հետ: Հիմնադրամը Հայաստանի կայուն և հուսալի ֆինանսական գործընկերն է, որի շնորհիվ մեր երկրում արդեն 10 տարի իրականացվում են կենսական նշանակության նախագծեր: Հիմնադրամի ընթացիկ պորտֆելում Հայաստանի Հանրապետությունում առկա են 588 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով մի շարք կարևոր նախագծեր: Պորտֆելն ընդգրկում է ՀՀ տնտեսության ռազմավարական այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են մակրոտնտեսական կայունությունը, գյուղատնտեսությունը, կոմունիկացիոն ենթակառուցվածքները, սոցիալական ոլորտը, պետական կառավարումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության շրջանակներում Քաջարանի՝ մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և գոյություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մանրամասներին: