Իլոն Մասկը վերջին 5 տարում առաջին անգամ գնել է Tesla-ի բաժնետոմսեր՝ 1 միլիարդ դոլարով

Իլոն Մասկը վերջին 5 տարում առաջին անգամ գնել է Tesla-ի բաժնետոմսեր՝ 1 միլիարդ դոլարով

Իլոն Մասկը սեպտեմբերի 12-ին գնել է 2.57 միլիոն Tesla-ի բաժնետոմս՝ մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ։ Սա նրա առաջին ձեռքբերումն է բաց շուկայում վերջին հինգ տարում․ նախորդ անգամ 2020-ին Մասկը գնել էր ընդամենը 200 հազար բաժնետոմս՝ մոտ 10 միլիոն դոլարով։ Մինչ այս նա ավելի հաճախ վաճառել էր Tesla-ի բաժնետոմսերը՝ հատկապես 2022-ին, երբ Twitter-ի գնումը ֆինանսավորելու համար իրացրեց ավելի քան 20 միլիարդ դոլարի արժեթղթեր։ Նոր ձեռքբերումից առաջ Մասկին էր պատկանում ընկերության շուրջ 13%-ը։

Գնման մասին տեղեկությունից հետո Tesla-ի բաժնետոմսերը Nasdaq-ի նախնական առևտրում թռան գրեթե 9%–ով՝ հասնելով 430 դոլարի։ Հիմնական առևտրի ավարտին բաժնետոմսերի գինը կազմեց 395,94 դոլար՝ մեկ օրվա ընթացքում 7.4% աճով։ Վերջին երեք ամսում Tesla-ի արժեթղթերը թանկացել են ավելի քան 25%։

Մասկի խոշոր գնումը համընկել է Tesla-ի տնօրինության քննարկումների հետ՝ նրան տրամադրելու նոր փոխհատուցման փաթեթ մինչև 1 տրիլիոն դոլար արժեքով։ Դրա համար Մասկը պետք է առաջիկա տասնամյակում հասցնի ընկերության շուկայական արժեքը ներկայիս շուրջ 1 տրիլիոնից մինչև 8.5 տրիլիոն դոլար՝ զարգացնելով, մասնավորապես, ռոբոտաքսիների արտադրությունն ու արհեստական բանականության ուղղությամբ նոր բիզնեսները։

Չնայած վերլուծաբանների մի մասը կանխատեսում է Tesla-ի բաժնետոմսերի շուրջ 20% անկում ներկայիս մակարդակներից, մյուսները պահպանում են երկարաժամկետ դրական կանխատեսումներ։ Նրանց կարծիքով՝ եթե Մասկին հաջողվի վերափոխել Tesla-ն՝ դարձնելով այն ԱԲ տեխնոլոգիաների առաջատար, ապա ընկերությունը կարող է հասնել նոր բարձունքների։

Forbes-ի տվյալներով՝ Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը՝ 463,2 միլիարդ դոլար կարողությամբ։

Աղբյուրը՝ how2b.am