Մենք երկու հատ «ատոմակայան» ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու. Փաշինյան
Էլեկտրաէներգիան աշխարհում գնալով ավելի մեծ պահանջարկ ունեցող ապրանք է և մենք պետք է գտնենք ձևերը մեր արտադրած էլեկտրաէներգիան արտահանելու, էլ չեմ ասում էլեկտրաէներգիայի առատությունը մեր երկում պետք է նեդրումային որոշ հետաքրքրություն ներկայացնի, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը, կրիպտոարժույթները և այլն ահռելի ծավալի, «խելքից դուրս» էլեկտրաէներգիա են սպառում և այդ գործոնը հաշվի առնելով պետք է նման ներդրումներ կարողանան ներգրավել։
Արևային էներգիայի ոլորտի զարգացումը մենք չպետք է կասեցնենք, դանդաղեցնենք, պետք է թողենք զարգանա, մենք պետք է հասնենք նրա հետևից մեր տեխնոլոգիաներով, լուծումներով։
Հասկանում եմ, որ շատ բարդ է, բայց սա լրջագույն տնտեսական, էներգետիկ անվտանգության, այդ թվում մեր պետական անվտանգության և պետական անկախության խնդիր է, և մենք պետք է հետևողականորեն գնանք այս ճանապարհով։ Էլ չեմ ասում, որ ակնհայտ է, որ ապագան է դա։ Այսօր այդտեղ էլ է ապագան։ ԱԱյսօր մենք ինչքան շատ արևային կայաններ ունենանք, վերականգնվող էներգիայի ռեսուրսներ ունենանք, այնքան ավելի ապագայի մեջ ենք մտնում հենց այսօր, հետևաբար սա մի հարց է, որում մենք պետք է շատ հետևողական լինենք»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին առաջարկեց առաջիկայում քննարկումներ կազմակերպել այս թեմայով։
Վերջինս էլ նշեց. «Մենք հիմա էլ մտածում ենք և սպառման և արտահանման ծավալները ավելացնելու մասին։ Այս պահին էլ մեր հարևան երկրները էլեկտրակայուն էլեկտրաէներգիա ենք մատակարարում, փորձում ենք այնտեղ էլ ծավալները ավելացնել։ Ցավոք սրտի, երբեմն բացի հայկական ատոմակայանից մենք ստիպված ենք լինում մեր բոլոր հզորությունները հանել էներգահամակարգից օրվա որոշակի ժամերին, երբ արևայինները մեծ թվով արտադրանք են տալիս»։
Փաշինյանն արձագանքեց. «Դուք ասում եք ցավոք սրտի, որվհետև ձեր համար դժվարութուններ կան, ես ասում եմ՝ բարեբախտաբար, որովհետև ամբողջությամբ մեր ռեսուրսով արտադրած հոսանքը կարողանում ենք ամբողջ մեր ներքին կարիքը բավարարել։ Դուք հասկանում եք, թե մենք ինչ ռազմավարական խնդիր ենք լուծել։ Մենք պետք է սովորենք կառավարել խնդիրները, գտնել տեխնիկական ու քաղաքական լուծումներ։
Մենք Ատոմակայանից կրկնակի ավել, երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի, ոչ մեկը չեն էլ տեսել, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել ելույթ չենք ունեցել։ Այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու երկու հատ ատոմակայան ենք ստեղծել։ Ընդ որում, վերջին յոթ տարում է այս ճեղքումը տեղի ունեցել։ Սա մեծագույն ձեռքբերում է, որի մասին չի խոսվում, բայց կարևորը խոսելը չի, կարևորը ձեռքբերումն է»։