Ռուսաստանում շուտով կհայտնվի Starlink համակարգի անալոգը. «Ռոսկոսմոսի» ղեկավար
«Ռոսկոսմոս»-ը մոտ ապագայում նախատեսում է ստեղծել իր սեփական արբանյակային կապի տերմինալը, հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Բականովը։ Ըստ նրա՝ մշակումը կդառնա Starlink համակարգի անալոգը, հայտնում է Կոմերսանտը։
Առաջին փուլով այս տարվա դեկտեմբերին տիեզերք կարձակվի 300 սարք, իսկ երկրորդով՝ 900։
Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայվել է միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից։ Այն ապահովում է արբանյակային ինտերնետ հասանելիության բարձր արագություն։ Ուկրաինայի բանակն օգտագործում է Starlink տերմինալներն անօդաչու թռչող սարքերի և անօդաչու նավակների նավիգացիայի, զենքի կառավարման և այլ նպատակներով։ Անցյալ տարի ՌԲԿ-ն հաղորդել էր, որ Starlink-ի ռուսական անալոգի՝ «Բյուրո 1440» ցածր ուղեծրային արբանյակային խմբավորման ստեղծումը կարժենա մոտ 445 միլիարդ ռուբլի։