Հանդիպում Մալիշկայի բնակիչների հետ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները հանդիպել են Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի բնակիչների հետ:
Մարզպետ Կոլյա Միքաելյանը նախ այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ զբաղվածության, առօրյա խնդիրների շուրջ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով։ Այնուհետև Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը հանդես է եկել խոսքով՝ նշելով, որ այս ձևաչափով հանդիպումները կարևոր են՝ տեղում հասկանալու բնակիչներին հուզող խնդիրները, բնակչությանն իրազեկելու ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության, ծրագրերի մասին:
Մարզպետ Կոլյա Միքաելյանը շեշտել է, որ Մալիշկան տարբեր ուղղություններով ավելի զարգանալու մեծ ներուժ ունի, ուստի համատեղ ջանքերով պետք է բացահայտել այդ ներուժը և տարբեր ոլորտներում դրսևորելու հնարավորություն ընձեռել։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են կրթական, առողջապահական, քաղաքաշինական, գյուղատնտեսական ոլորտներում կատարված աշխատանքները, պետական աջակցությամբ և սուբվենցիաներով իրականացված ծրագրերը։
2025 թվականին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ վերանորոգվում է Մալիշկայի Մ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցը: Նախահաշվային արժեքը կազմում է 284 միլիոն ՀՀ դրամ:
Վերջին տարիներին բնակավայրում իրականացված սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հիմնականում փողոցների ասֆալտապատմանը, փողոցների լուսավորության ցանցի կառուցմանը, ոռոգման ջրագծի ներքին ցանցի վերանորոգմանը։ Սուվբենցիոն ծրագրով ընթանում են բնակավայրի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, նախատեսվում է նաև բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցում։
Հանդիպման ընթացքում հնարավորություն է տրվել բնակիչներին իրենց մտահոգող հարցերն ուղղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին, ոլորտային պատասխանատուներին։Հարցերն առնչվել են խաղողի մթերմանը, ոռոգման ջրի սակավությանը, հանդամիջյան ճանապարհների բարեկարգմանը, էլեկտրասյուների վիճակին, մշակույթի տան վերանորոգմանը և այլն։ Բարձրացված հարցերն արձանագրվել են հետագա դիտարկման և լուծման համար, որոշ հարցեր էլ ստացել են պատասխաններ։
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ պետք է հետևողական լինել բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում, հստակ սահմանել առաջնահերթությունները, իրազեկել այդ մասին բնակիչների լայն շրջանակներին։