Հանքադյունաբերությունը պետք է զարգացնել նոր տեխնոլոգիաներով․ անգամ կանաչ էներգետիկան մետաղների կարիք ունի
Հանքարդյունաբերությունը տարիներ շարունակ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն է եղել։ Տարեկան կտրվածքով՝ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրության, շահագործման շուրջ 50 հայտ է ստանում։ Որքան էլ ոլորտում խնդիրները շատ են, միևնույն է, գործադիրի ակնկալիքները մեծ են, հատկապես Ամուլսարի հանքավայրի շահագործումից։ Բնապահպանները, սակայն, չեն դադարում վտանգների մասին խոսելուց։ Մինչդեռ ոլորտի մասնագետներն ընդգծում են՝ անգամ կանաչ տնտեսության զարգացման պարագայում մետաղների պահանջարկը չի նվազում։
Կմնա՞ Հայաստանը միջազգային հարթակներում որպես հանքարդյունաբերություն ունեցող երկիր, թե՞ տնտեսության կառուցվածքում փոփոխություններ, այդուհանդերձ, կլինեն։ Սա, ինչպես ասում են փորձագետները, ապագայի հարց է։ Բայց այս պահին էլ հստակ է, որ խնդրահարույց համարվող այս ոլորտը դեռ չի պատրաստվում զիջելու դիրքերը։ Հայաստանին բաժին է ընկնում մոլիբդենի համաշխարհային արտահանման 3-4 %-ը։ Ցուցանիշն այնքան էլ վատ չէ, քանի որ շոշափելի է։ Օրինակ՝ համաշխարհային տնտեսության մեջ առաջնային դիրք զբաղեցնող Չինաստանն արտահանում է ընդհանուր ծավալի 30 %-ը։
Տեսանելի ապագայում միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի պահանջարկը կաճի՝ մատնանշում են վերլուծական կենտրոնները։ Բայց աշխարհում հանքերի թիվը սահմանափակ է, ուստի առաջարկը համամասնորեն չի աճի՝ ասում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը․
«Երբ լինեն պահանջարկի մեծ աճ և ոչ այնքան համապատասխան առաջարկի աճ, մեծ դեֆիցիտը վրա կհասնի արդեն 2035-2040 թթ.։ Այսինքն՝ նույնիսկ երբ մենք պահպանենք այն արտադրության մակարդակը, որ հիմա Հայաստանում գոյություն ունի, 10-15 տարի հետո ավելի մեծ շահույթ և հարկեր ենք ունենալու մեր ոլորտից՝ գների հաշվին»։
Տարեկան կտրվածքով՝ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրության, շահագործման շուրջ 50 հայտ է ստանում՝ «Ռադիոլուր»–ին փոխանցում է Ընդերքի վարչության պետի պարտականությունները կատարող Կարեն Գասպարյանը։
«Ընդհանուր առմամբ 30 թույլտվություն ենք տալիս։ Ուսումնասիրությունների թույլտվությունների ժամկետը առավելագույնը 3 տարի է։ Ունենք թույլտվություններ 3 ամսից սկսած մինչև 3 տարի ժամկետով։ Ներկա պահին ունենք 484 թույլտվություն։ Դրանք թե՛ մետաղական են, թե՛ ոչ մետաղական։ Հանքային ջրերի, նավթ ու գազի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը, գազի պահեստավորման թույլտվությունը․․․ էդ բոլորը մենք ենք տրամադրում, մեր նախարարությունը՝ մեր վարչությունն է տրամադրում՝ նավթն ու գազը որ հատվածում ենք ուզում փնտրել»։
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական ուժն է համարվում։ Թեև ոլորտում խնդիրները շատ են, գործադիրը մեծ ակնկալիք ունի, հատկապես Ամուլսարի հանքավայրի շահագործումից։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան․
«Լիդիան Արմենիան իր բաժնետոմսերի 12,5 %–ը փոխանցել է կառավարությանը։ Մենք աուդիտ էինք պատվիրել։ Այն ցույց տվեց, որ այս նախագիծն ամբողջովին իրագործելի է։ Եկամտաբեր է։ 500 մլն դոլար արդեն ներդրվել է, 250 –ից 100 մլն դոլարը ևս կազմակերպությունը կներդնի»։
Հայաստանի կառավարությունը 2025-ին 5,5 %–ի շրջակայքում տնտեսական աճ է ակնկալում է, բայց եթե Ամուլսարի հանքը չշահագործվի, աճն ավելի քիչ կլինի։
Փորձագիտական դաշտում նույնպես ակնկալիքները մեծ են։ «Աքսես» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը նույնպես կարևորում է ծրագիրը։ ՀՀ պետբյուջեի ծախսային մասը 2025-ի համար թիրախավորվել է 3,5 տրիլիոն դրամ։
«Այս կարճ ժամանակահատվածում հարկեր ապահովելու միակ իրատեսական եղանակը Լիդիանի շահագործումն է։ Սա նախընտրության հարց չէ»։
Հանքարդյունաբերությունը կարող է պակաս վնասակար լինել բնության և մարդկանց համար՝ կարծում են մասնագետները։ Այդ հարցում մեծ հաջողություններ գրանցած երկրներից են ԱՄՆ-ն, Ավստրալիան և Կանադան։ Մասնագետները նշում են, որ մետաղների կարիք ունի անգամ կանաչ էներգիան։ Հանքարդյունաբերության միջազգային փորձագետ Սրաբ Օրթլանդն արձանագրում է․
«Էլեկտրական մեքենաները և կանաչ էներգիան կարիք ունեն որոշակի մետաղների։ Հաշվի առնելով, որ աշխարհը շատ անհավասարակշիռ է, և Չինաստանը սպառում է համաշխարհային ռեսուրսների գրեթե կեսը, բայց կազմում է աշխարհի բնակչության 20 տոկոսից պակասը։ Միայն ժամանակի հարց է, որ մյուս երկրներն ու մայրցամաքները մեկ շնչի հաշվով սպառումով հասնեն Չինաստանի չափանիշին, հատկապես զարգացող Ասիայի երկրներում՝ ներառյալ Հնդկաստանը»։
Որքան էլ մասնագիտական դաշտում փորձ է արվում ոլորտի կշիռը բարձրացնելու, միևնույն է, բնապահպանները մտահոգ են։ Նազելի Վարդանյանն Ամուլսարի հանքավայրի շահագործման վտանգներն է մատնանշում․
«Բնապահպանական ռիսկեր մինչև այժմ էլ կան։ Չեն վերանալու, անկառավարելի են, դրա մասին տարբեր երկրների տարբեր փորձագետներ արտահայտվել են։ Դրանք կան՝ և՛ թթվային դրենաժը, և՛ սեյսմիկ վտանգը․ սողանքները, կենսաբազմազնության վերացումը, ռադիացիայի բարձր լինելը բնապահպանական կայուն ռիկսեր են, որոնք անկառավարելի են տվյալ տարածքի պարագայում»։
Հայաստանում երկու տասնյակից ավելի մետաղական հանքավայր է շահագործվում։ Գրեթե նույնքան էլ պոչամբար կա՝ գրանցված ու չգրանցված։ Բնապահպաններն ահազանգում են, որ պոչամբարում կուտակված պոչանքի ծավալները վտանգավոր են։ Դրանք լի են թունավոր նյութերով, ու փլուզման դեպքում վնասն անդառնալի է լինելու։
Բնապահպանների մտահոգությունները գուցե գիտնականները փարատեն։ Ա․ Ի․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնականները շրջակա միջավայրում և հանքարդյունաբերության մեջ ծանր մետաղների քանակը որոշելու նոր տեխնոլոգիա են մշակում։
Տիգրան Քոթանջյանը գիտական խմբի ղեկավարն է։ Ասում է՝ ձգտում են նրան, որ իրենց կիրառական թեման զարգացում ունենա։
«Սա Հայաստանում ու աշխարհում նոր մեթոդ է։ Սա մյուս մեթոդներից շատ ավելի լավ արդյունք կարող է տալ։ Որոշ էլեմենտներ կարող է հայտնաբերել, որը գուցե արտասահմանում հայտնաբերեն»:
Մեթոդի առավելությունը բարձր զգայունությունը և առկա նյութերի հստակ տարանջատումն է։ Սա, ըստ գիտնականների, հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում նմուշներում հայտնաբերելու ծանր մետաղների փոքր խտություններն ու դրանց չնչին փոփոխությունները։
Արագ փոփոխվող աշխարհում լուծումներն էլ արագ են զարգանում։ Գիտնականները հույս ունեն, որ առաջիկայում բնապահպան-հանքարդյունահանող հակասությունները, մտահոգություններն ու խնդիրները ի վերջո լուծում կստանան։
Հասմիկ Դիլանյան
Աղբյուրը՝ hy.armradio.am