250 էլեկտրական 18 մետրանոց ավտոբուսների ներմուծման հարցը քննարկում ենք միջազգային գործընկերների հետ. Ավինյան
Տրանսպորտի ոլորտում երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուսներ, որոնք փոխարինել են մասնավոր հին Hyundai ավտոբուսներին։ Այդ մասին ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այդ ավտոբուսները տարողունակությամբ ավելի մեծ են, բնապահպանության տեսանկյունից՝ ավելի արդյունավետ՝ համեմատած նախորդ ավտոբուսներին»,- ընդգծեց Ավինյանը:
Նա նշեց, որ ավելացել է նաև տրոլեյբուսների քանակը: «Այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով փոխանցելու ենք, և 2026 թ. առաջին եռամսյակում ակնկալում ենք 45 տրոլեյբուսի ներդրում ցանցում, որը մեզ հնարավորություն կտա ամբողջապես տրոլեյբուսային մեր ցանցը թարմացնել։ Այն հին «ԼիԱԶ»-ները, որ տեսնում ենք փողոցներում, այլևս չենք տեսնի»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետը հայտնեց, որ կիրականացնեն 250 ավտոբուսների ներմուծում, որոնք 18 մետրանոց են և էլեկտրական: «Դա քննարկում ենք միջազգային գործընկերների հետ»,- ասաց նա:
«Ունենք երկու դեպոների վերականգնման ծրագիր»,- նշեց Ավինյանը:
Անդրադառնալով միասնական տոմսային համակարգին՝ Տիգրան Ավինյանն ասաց. «Այս տարի ամբողջապես ներդրել ենք միասնական տոմսային համակարգը՝ իր բոլոր խնդիրներով և թերություններով, և պետք է հասկանանք, որ 35 տարվա համակարգից անցում է կատարվել անկանխիկ տարբերակով համակարգի, որը նաև այս պահին նույնիսկ թղթային որևէ կրիչ չունի: Այսինքն՝ մենք կարողացել ենք փաստացի այս ծրագիրն ամբողջապես իրականացնել»: