«Սևան» ազգային պարկին վերադարձվեց Գեղարքունիքի մարզում գտնվող 15.000 քմ մակերեսով հողամասը

«Սևան» ազգային պարկին վերադարձվեց Գեղարքունիքի մարզում գտնվող 15.000 քմ մակերեսով հողամասը

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Արդյունքում՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիսարևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15.000 քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը: Միաժամանակ, անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և արտադրական կոոպերատիվի միջև 2009 թվականի մարտի 11-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ:

Վճռի և գրանցման վկայականի օրինակները տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ վճռից և գրանցումից բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով: