Դալարիկ գյուղում նեկտարինի և սալորի ինտենսիվ այգիներ կհիմնվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 11–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԼԳ ԱԳՐՈ» փակ բաժնետիրական ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է իրականացնել արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ ինտենսիվ այգիների հիմնման ներդրումային ծրագիր։ Ընկերությունը ներդրումային ծրագիրն իրականացնում է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ վարչական շրջանի հողամասերում։ Վերոնշյալ հողամասերում պլանավորվում է 2025-2027թթ.-ին հիմնել նեկտարինի և սալորի 207.35 հա ինտենսիվ այգիներ, իսկ 6.2322 հա հողամասում՝ այգիների սպասարկմանն օժանդակող շինություններ՝ ադմինիստրատիվ գոտի։
Այգու ոռոգումն իրականացվելու է կաթիլային ոռոգման համակարգով, այն պաշտպանված է լինելու կարկտապաշտպան համակարգով, մեկ հեկտար հողակտորի վրա տնկվելու է շուրջ 1,642 ծառ։
Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 5.5 մլրդ դրամի ներդրում լարասյունային համակարգի և հակակարկտային ցանցի ձեռքբերման և տեղադրման, կաթիլային ոռոգման և պարարտացման համակարգերի ձեռքբերման և տեղադրման, ծառերի և գյուղտեխնիկային ձեռքբերման, իսկ մնացած մասը այլ աշխատանքների իրականացման համար։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ 230 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 600․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 59 մլն դրամ: