Հաստատվել է «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը

Հաստատվել է «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը
ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը»: Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ դրա նպատակն է՝
  1.  խթանել հայկական արտադրանքի արտահանման ծավալների աճը
  2.  բարձրացնել արտաքին շուկաների պահանջներին բավարարող հայկական արտադրանքի (հումք չհանդիսացող արտադրանքի) մրցունակությունը,
  •  դրանով իսկ նպաստելով արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը
  •  և ազգային ապրանքանիշով նոր շուկաների աշխարհագրության ընդլայնմանը
 Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել Ծրագրի շահառու դիտարկվող անձանց՝
  •  սերտիֆիկատի տրամադրման համար կատարված ծախսը՝ սերտիֆիկատի տրամադրման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 100 000 (հարյուր հազար) դրամ.
  •  մեկ տեսակի արտադրանքի լաբորատոր փորձարկման համար կատարված ծախսը՝ յուրաքանչյուր ցուցանիշի համար արժեքի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 50 000 (հիսուն հազար) դրամ: 
Շահառուն իր ընտրությամբ կարող է դիմել
  • միաժամանակ սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկման, ինչպես նաև
  • միայն սերտիֆիկացման կամ
  • միայն լաբորատոր փորձարկման ծախսի փոխհատուցման համար:
Լաբորատոր փորձարկման համար ծախսի փոխհատուցում ստանալու նախապայման է հանդիսանում լաբորատոր փորձարկման հիման վրա տվյալ արտադրատեսակի սերտիֆիկատի գրանցումը, տրամադրումը։
Ընդ որում, մեկ շահառուի համար ծրագրի շահառու դիտարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 5.000.000 (հինգ միլիոն) դրամ չափաքանակը:
Աջակցությունը տրամադրվում է, եթե՝
  • շահառուի կողմից ներկայացվում է մաքսային հայտարարագիր, որով հավաստվում է, որ սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության (կամ այլ համարժեք փաստաթղթի) ստացմանը հաջորդած քառասունօրյա ժամանակահատվածում կազմակերպությունն արտահանել է այն արտադրանքը, որի համար ստացվել է ներկայացված սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունը:
  • շահառուի կողմից ներկայացված սերտիֆիկատը կամ լաբորատոր փորձարկման արձանագրությունը կամ այլ համարժեք փաստաթուղթը տրամադրվել է արտահանման երկրի հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից
Աջակցությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից և նախատեսված է մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը։