Լուսակնի նորակառույց դպրոցը շուտով կգործարկվի
Լուսակնի նորակառույց դպրոցը շուտով կգործարկվի․ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ծանոթացել է կատարվող ավարտական աշխատանքներին։
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակից 62 կմ հեռավորության վրա գտնվող Լուսակն բնակավայրը նոր կառուցված մոդուլային տիպի ժամանակակից դպրոց ունի, որն իր դռները կբացի օրեր անց։
275 բնակիչ ունեցող գյուղի համար նոր դպրոց ունենալը, ինչպես տեղի երեխաներն են ասում, երազանք էր։ Այժմ դպրոցն ունի 37 աշակերտ, իսկ նոր դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար։
Կատարված և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու համար Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանի, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի և շինարարի հետ այսօր շրջեց դպրոցի տարածքով, հորդորեց սահմանված ժամկետում ավարտին հասցնել աշխատանքները։
Այժմ վերջին շինարարական, ինչպես նաև կահավորման աշխատանքներն են իրականացվում, որպեսզի առաջիկայում գյուղի բնակիչները տոնեն իրենց մեծ ու լուսավոր միջնակարգ դպրոցի նորամուտը։
Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով, ունի խոշոր ենթակառուցվածքներ՝ բացօթյա ունիվերսալ մարզադաշտից մինչև սեփական արևային կայանը։