Երևանում կնվազեցվի ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի գույքահարկը
Երևանում կնվազեցվեն ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի գույքահարկը։ Նախագիծը ներկայացվեց այսօր Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում։
Ըստ նախագծի՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցման արտոնություն է առաջարկվում մինչև 50.000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 25 տոկոսի չափով, իսկ 50.000 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերեսի դեպքում՝ 50 տոկոսի չափով։ Միաժամանակ առաջարկվում է կառուցապատողներին ազատել նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից:
Դեռևս ավարտական ակտ չստացած շինությունների համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է 2023 թվականից սկսած։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկ էր ներկայացրել առհասարակ զրոյացնել հաշվարկված գույքահարկը, սակայն Երևանի քաղաքապետարանն այլ առաջարկ է ներկայացրել։
«Երբ շենքն ամբողջական գնահատման է ենթարկվել՝ ոչ առանձին-առանձին բնակարաններով, իր արժեքն ավելի մեծ է եղել, քան եթե առանձին բնակարաններով գնահատվեր, և շատ կառուցապատողներ, հաշվի առնելով նաև այս տարվա որոշ չափով դանդաղ վաճառքի տեմպերը, սկսել են ֆինանսապես նեղվել»,- բացատրեց Ավինյանը՝ հավելելով, որ խնդրով դիմել են բազմաթիվ կառուցապատողներ։
Նրա խոսքով՝ Երևանի մասով այս խնդիրը որոշ չափով մեղմվում է, նմանատիպ լուծումների պետք է նաև այլ համայնքներ գնան, եթե այլ համայնքներում ևս խնդիրն առկա է։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ այս որոշումը ոչ միայն կառուցապատողների, այլև այն մարդկանց համար է, որոնք բնակարան են գնել նոր կառուցվող շենքում։