Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես

Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025  համաշխարհային ցուցահանդես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025  համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը:

Վարչապետը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներում, այնուհետև պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել գրառում: Հաջորդիվ տեղի է ունեցել ճապոնական թեյի ավանդական հյուրասիրություն, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական պատվիրակության անդամներն ու Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն:

Վարչապետ Փաշինյանն այցելել է ցուցահանդեսում բացված հայկական տաղավար: «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով հայկական տաղավարը ներկայացնում է Հայաստանի առաջատար նորարարական ծրագրերը, մշակութային ժառանգությունը, ներդրումային հնարավորությունները, առաջադեմ կրթական նախաձեռնությունները: Պատասխանատուները նշել են, որ հայկական տաղավար այցելուների թիվը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր գերազանցել է մեկ միլիոնը:

Այնուհետև կայացել է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման բացման արարողությունը: Նախ՝ հնչել են Հայաստանի և Ճապոնիայի ազգային օրհներգերը, որից հետո ելույթներով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատարի տեղակալ Շիգետոշի Իկեյաման: 

EXPO 2025 ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը գործելու է մինչև հոկտեմբերի 13-ը: