Ճամբարակ համայնքում ոռոգման ջրի օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում

Ճամբարակ համայնքում ոռոգման ջրի օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով ոռոգման ջրի օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում: 

Ինչպես  տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, որպես ծրագրի առաջնահերթություն հաշվի են առնվել համայնքի սահմանամերձ լինելն ու արցախցի ընտանիքների՝ այնտեղ բնակվելը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից:

Ջրամբարն ունի 11 հազար խորանարդ մետր օգտակար ծավալ: Ներկայումս ավարտվել են հողային աշխատանքները: Առաջիկայում պետք է ավարտվի մեմբրանացումը: Ապա կկատարվի ցանկապատումը՝ անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ջրի կորուստները կանխելու առումով մեմբրանային տեխնոլոգիայով ջրամբարի կառուցումն առավել արագ և արդյունավետ է։ Ճապոնիայի կառավարությունը 46 միլիոն դրամ է հատկացրել այս շինարարության համար: Ոռոգման օրվա կարգավորիչ ջրամբարին կից, արդեն երկրորդ փուլով, կկառուցվի նաև ոռոգման ցանց, որի շինաշխատանքները կիրականացվեն համայնքի համաֆինանսավորմամբ: Պահանջվող 42 միլիոն դրամից 15 միլիոնը կհատկացվի համայնքի բյուջեից: 

«Ոռոգման ցանցից կօգտվեն շուրջ 200 տնտեսություն, ավելի քան 400 հեկտար հողատարածություն կանցնի ոռոգման համակարգի տակ: Մենք ավանդական մշակաբույսերի մշակումից պետք է անցնենք նաև արդյունավետ, ինտենսիվ գյուղատնտեսություն վարելուն: Եվ հենց ոռոգման համակարգը միտված է, որպեսզի մեր բնակիչները սովորեն ժամանակակից գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման տեխնոլոգիաներին»,-նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը:

Նախատեսված է օրվա կարգավորիչ ջրամաբարի և ոռոգման ցանցի կառուցումն ավարտել այս տարի, որպեսզի հաջորդ տարի հողօգտագործողները հնարավորություն ունենան մշակություն իրակակացնելու նաև այն դաշտերում, որոնք ոռոգման հնարավորությունից զուրկ լինելով, օգտագործվում են որպես խոտհարքեր: