«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» կենտրոնի դեմ հայց է ներկայացվել

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» կենտրոնի դեմ հայց է ներկայացվել
Երևանի Օրբելի փողոցում գտնվող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ–ի նոր սեփականատերերին 30 մլն դրամով տուգանելու հայց է ներկայացվել։  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով,  ինստիտուտի նոր սեփականատերեր Վիոլետա Սարգսյանն ու Աննա Գյոզալյանը, որոնք նաև «Վիոլետա» ԲԿ–ի սեփականատերերն են, իրենց ներկայացրած ծրագրով նախատեսված ներդրումային չափը 2024 թվականին չեն ապահովել։
«Նրանց ներկայացրած ներդրումները չեն համապատասխանել փաստացի իրականացված ներդրումներին։ Մասնավորեցման առաջին տարում պետք է կատարվեր 150 մլն դրամի չափով ներդրում, որը մեր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամբողջովին չի կատարվել։ Այդ հիմքով 30 մլն դրամի չափով տուգանք է հաշվարկվել, և դրա գանձման համար դատական գործընթաց է նախաձեռնվել»,– տեղեկացրեց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։
Նրա խոսքով` թեև դատական գործընթաց է սկսվել, սակայն ինստիտուտում նոր սեփականատերերի ներդրումային ծրագիրը դեռ շարունակում է ուժի մեջ լինել։