OpenAI-ը նախատեսում է խոշոր տվյալների կենտրոն կառուցել Հնդկաստանում

OpenAI-ը նախատեսում է խոշոր տվյալների կենտրոն կառուցել Հնդկաստանում

ChatGPT չաթբոտը մշակող OpenAI ընկերությունը նախատեսում է Հնդկաստանում կառուցել նոր խոշոր տվյալների մշակման կենտրոն

Ընկերությունը երկրում փնտրում է տեղական գործընկերներ՝ առնվազն 1 ԳՎտ հզորությամբ ՏՄԿ ստեղծելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ ՏՄԿ-ն կարող է դառնալ Հնդկաստանում ամենամեծերից մեկը, որտեղ նման նախագծերում արդեն ներդրումներ են կատարել, օրինակ, Microsoft Corp.-ը և Alphabet Inc.-ը։

Նախագծի իրականացման վայրը և ժամկետները դեռևս հայտնի չեն։ Աղբյուրների տեղեկացմամբ՝ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը կարող է հայտարարել օբյեկտի կառուցման մասին իր նախատեսվող սեպտեմբերյան այցի ընթացքում։

Անցյալ ամիս OpenAI-ը նաև հայտնել էր, որ նախատեսում է մինչև տարվա ավարտը Հնդկաստանի Դելի քաղաքում բացել գրասենյակ։ Ընկերությունն արդեն սկսել է ձևավորել տեղական թիմ, որը կենտրոնանալու է համագործակցության ամրապնդման վրա՝ տեղական գործընկերների, կառավարությունների, բիզնեսների, ծրագրավորողների և կրթական հաստատությունների հետ։

OpenAI-ը Հնդկաստանում նաև ներկայացրել է ամենամատչելի սակագնային փաթեթը ChatGPT չաթբոտի օգտագործման համար։ ChatGPT Go սակագնային պլանը տրամադրում է ընդլայնված գործառույթների հասանելիություն ամսական 399 ռուփիով (մոտ 4.57 դոլար)՝ նպատակ ունենալով խթանել վճարովի բաժանորդների աճը երկրում։

Ալթմանի խոսքով՝ Հնդկաստանը ընկերության համար երկրորդ ամենամեծ շուկան է և մոտ ապագայում կարող է դառնալ առաջինը։