Կխթանվի տեղական արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու գործընթացը

Կխթանվի տեղական արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու գործընթացը

Տեղական արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու գործընթացը խթանելու նպատակով ՀՀ կառավարության՝ նախկինում ընդունած որոշումներով հաստատվել են կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության և արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրերը, որոնցով նախատեսվում է մասնակի փոխհատուցել տեղական կազմակերպություններում կառավարման ժամանակակից միջազգային համակարգեր ներդնելու և միջազգային սերտիֆիկատներ ստանալու ծախսերը և ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման ծախսերը:

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կգործարկվեն այդ ծրագրերը և կստեղծվեն պայմաններ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ բարձրացնելով միջազգային գործող շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքի մրցունակությունը:

Արդյունքում՝ ակնկալվում է, որ կարդիականացվեն ազգային արտադրողների բիզնես գործընթացները, ինչը կնպաստի արտադրանքի որակի բարելավմանը՝ համապատասխանելով ազգային և միջազգային լավագույն ստանդարտներին, կապահովվի արտադրանքի արտահանման ծավալների աճ, կբարելավվի հայկական արտադրանք արտադրող կազմակերպությունների արտահանմանն ուղղված տնտեսական բեռը, ինչը կնպաստի արտահանման աշխարհագրության ընդլայնմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը, կկրճատվեն հայաստանյան արտադրողների՝ արտադրանքի արտադրության գործընթացի կազմակերպման և որակի հետ կապված ծախսերը, ինչի արդյունքում կբարելավվի հայկական արտադրանքի որակը: