Ախուրյանի Մայիսյան գյուղում կկառուցվի նոր, ժամանակակից դպրոց

Ախուրյանի Մայիսյան գյուղում կկառուցվի նոր, ժամանակակից դպրոց

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրում շուտով կբացվի նոր կառուցվող դպրոց․ արդեն մեկնարկել են շինարարության նախապատրաստական աշխատանքները։ Նախագիծն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խոշորածավալ ծրագրի շրջանակում։

Նոր դպրոցը լիովին կհամապատասխանի ժամանակակից կրթական պահանջներին և կունենա անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հարմարավետ դասարաններ, վերանորոգված տարածքներ ու ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախատեսվում է, որ այն կընդունի շուրջ 300 աշակերտ։

Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 2 միլիարդ դրամ։ Ինչպես հայտնում են Ախուրյանի համայնքապետարանից, հին դպրոցի վերակառուցումն անարդյունավետ է համարվել․ շինությունն ու տարածքը չէին բավարարում գործող չափորոշիչներին, այդ պատճառով էլ ընդունվել է նոր դպրոցի կառուցման որոշում։

Նույն ծրագրի շրջանակում համայնքի մեկ այլ բնակավայրում՝ Ղարիբջանյանում, առաջիկայում կմեկնարկի նաև մանկապարտեզի շինարարությունը։ Միաժամանակ, Ախուրյանի մոտ տասը բնակավայրերում ընթանում են դպրոցների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ։