Թունաքիմիկատների ներմուծումն ու շրջանառությունը վերահսկվում է օրենսդրությամբ և ընթացակարգերով

Թունաքիմիկատների ներմուծումն ու շրջանառությունը վերահսկվում է օրենսդրությամբ և ընթացակարգերով

Վերջին օրերին շրջանառվում են մտահոգություններ՝ Հայաստանում արտադրվող միրգ-բանջարեղենում պեստիցիդների մնացորդների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ։

 ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարևորում է հանրության իրազեկումն ու թեմայի շուրջ ներկայացնում է հետևյալ պարզաբանումները։

 Պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ժամանակակից, հաջողված գյուղատնտեսության անբաժանելի գործիքներն են։ Դրանք նվազեցնում են վնասատուների և հիվանդությունների պատճառած վնասները, պահպանում բերքի որակը  և տեխնոլոգիական  կանոնների  պահպանման դեպքում, օգնում են ստանալ որակյալ բերք։

 Գյուղատնտեսությունն առանց պեստիցիդների գործնականում հնարավոր չէ, քանի որ վնասակար օրգանիզմների տարածումն անխուսափելի բնական երևույթ է, և դրանց դեմ պայքարը պահանջում է նպատակային միջոցներ։ Պեստիցիդների օգտագործումից հետո մրգերում ու բանջարեղենում կարող են լինել մնացորդներ, և այստեղ որոշիչը դրանց քանակն է։ Թույլատրելի սահմաններից ցածր մնացորդային մակարդակները չեն համարվում վտանգավոր:

Հայաստանը հանդիսանում է Ստոկհոլմի և Ռոտերդամի կոնվենցիաների անդամ երկիր, որոնց հավելվածներում սահմանված քաղցկեղածին և հատկապես վտանգ ավոր պեստիցիդների ցանկերը արգելված են անդամ երկրներում։ Այդ արգելքները կիրառվում են նաև ՀՀ-ում: Իսկ թույլատրված (գրանցված) պեստիցիդների ցանկը հրապարակված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ https://snund.am/hy/page/permitted-chemical-and-biological-plant-protection-products/128:

 Հայաստանում 2022թ-ից պարտադիր նորմ է թունաքիմիկատի արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը, ինչը բացառում է նույնանուն, բայց անորակ կամ այլ արտադրողի արտադրանքի մուտքը երկիր ( ՍԱՏՄ ղեկավարի 2022թ. նոյեմբերի 28-ի թիվ 3763Ա հրաման https://snund.am/public/storage/uploads/3763-%D4%B1_1674714891.pdf):

Հայաստանի տարածք ներմուծվող բոլոր պեստիցիդներն անցնում են պարտադիր ստուգումներ, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննություն, և միայն դրանից հետո է տրվում ներմուծման թույլտվությունը։

 Տեսչական մարմնի կողմից պարբերաբար իրականացվում են պեստիցիդների մնացորդային քանակների մոնիթորինգային աշխատանքներ։ Մոնիթորինգի շրջանակում կատարվում են նմուշառումներ և լաբորատոր փորձաքննություններ՝ համաձայն ԵՄ համադրելի մեթոդաբանության։ Մասնավորապես՝ ՍԱՏՄ ենթակայության Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում 2024թ-ին 12 մշակաբույսերի նկատմամբ իրականացվել է մոտ 2000 փորձաքննություն՝ գազաքրոմատոգրաֆիկ, ատոմային աբսորցիոն սպեկտրոչափման, իրականա ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիայի և այլ մեթոդներով։ Համապատասխան վերահսկողություն է կատարվում նաև Հայաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ, և միայն ընթացիկ տարում պեստիցիդների մնացորդային մակարդակի խախտումների պատճառով մի քանի հարյուր տոննա մթերքի ներմուծում չի թույլատրվել։

Հայաստանում կա շուրջ 350,000 գյուղացիական տնտեսություն վարող, և ինչպես ողջ աշխարհում՝ Հայաստանում ևս պեստիցիդների կիրառման հարցում խախտումների հավանականությունը չի կարող ամբողջությամբ բացառվել։ Պետական վերահսկողության գործառույթն այս հարցում ռիսկերի կառավարումն է՝ թունաքիմիկատների շուկան պահելով անվտանգ և կանխելով համակարգային ռիսկերը։

Մնացորդների գերազանցման դեպքերը հիմնականում հետևանք են գյուղատնտեսական ոչ պատշաճ գործելակերպի՝ կիրառվող չափաքանակների (դոզաների), դրանց պարբերականության ու սպասման ժամկետները չպահպանելու և այլն։ Խնդրի լուծմանը նպաստելու նպատակով՝ Տեսչական մարմինն աշխատում է ֆերմերների, գյուղացիների հետ՝ իրազեկելով և խորհրդատվությամբ:

Շրջանառվող տեսակետներում փորձ է արվում Հայաստանի բնակչության շրջանում քաղցկեղի և այլ ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը մեծապես
պայմանավորել միայն մեկ գործոնով՝ սննդով, ինչը սակայն հիմնավոր չէ։ Նման հիվանդությունների տարածման պատճառներից են նաև կենսակերպային, գենետիկ, շրջակա միջավայրի և այլ գործոններ։

 ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հավաստում է, որ թունաքիմիկատների ներմուծման, գրանցման և շրջանառության վերահսկողությունը երաշխավորված է գործող օրենսդրությամբ և ընթացակարգերով։ Տեսչական մարմինը շարունակում է կատարել մոնիթորինգ, կանխարգելում և վերահսկողություն, իսկ շուկայում հայտնված խախտումները ստանում են իրավաչափ լուծումներ։