2025թ. առաջին կիսամյակում թերակատարվել են թե' ընթացիկ, թե' կապիտալ ծախսերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

2025թ. առաջին կիսամյակում թերակատարվել են թե' ընթացիկ, թե' կապիտալ ծախսերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Ըստ դրա՝ ՀՀ տնտեսական ակտիվությունը տարեսկզբի զգալի դանդաղումից հետո մարտ ամսից սկսել է կրկին արագանալ՝ հիմնականում պայմանավորված մի կողմից՝ արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ՝ բազայի էֆեկտի հաշվին, մյուս կողմից՝ այնպիսի «ոչ արտահանելի» ճյուղերի աճով, ինչպիսիք են ծառայություններն ու շինարարությունը։ Տնտեսական ակտիվության աճին արդյունաբերության ճյուղի նպաստումը բացասական է՝ -2.1 տոկոսային կետ, նախորդ տարվա վեց ամիսների համեմատ արդյունաբերության ճյուղում գրանցվել է թողարկման էական՝ 12.1%, նվազում։

Արդյունաբերության նվազումն առավելապես մշակող արդյունաբերության անկման պատճառով է, որն իր հերթին հիմնականում պայմանավորված է թանկարժեք մետաղների վերաարտահանման գործոնի չեզոքացմամբ: Ի դեպ, գործող իշխանությունները ոսկու վերաարտահանման պիկի ժամանակ գովերգում էին այդ երևույթը և հիմնավորում, որ դա ոչ թե ոսկու պարզ վերաարտահանում է, այլ իրականում հումքը ներմուծվում է ՀՀ, անցնում վերամշակում և հետո միայն որպես պատրաստի արտադրանք արտահանվում՝ զգալիորեն նպաստելով տնտեսական ակտիվության աճին։ Այժմ արդեն ընդհակառակը՝ նրանք նույն ջերմեռանդությամբ փորձում են ապացուցել, որ ոսկու վերաարտահանմամբ ստեղծած արդյունքը զրոյի էր ձգտում և գրեթե չէր նպաստում տնտեսական ակտիվության աճին, ավելին՝ այն անգամ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծության համաձայն՝  ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումը մշակող արդյունաբերության նվազման միակ պատճառը չէ: Էական նվազում է արձանագրվել նաև այնպիսի կարևորագույն ենթաոլորտներում, ինչպիսիք են «խմիչքների արտադրությունը», «այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը» և «հագուստի արտադրությունը»։

2025թ. առաջին կիսամյակում խոր անկման մակարդակում են գտնվում թե՛ արտահանման և թե՛ ներմուծման ցուցանիշները։ 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ։

 Պաշտոնական դրամաշնորհները ճշտված պլանի ցուցանիշից 29.4%-ով պակաս են։ Թերակատարման պատճառը դարձյալ նպատակային դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականն է:

2025թ. առաջին կիսամյակում բյուջեի այլ եկամուտներն էապես գերազանցել են թե՛ առաջին կիսամյակի համար ծրագրված և թե՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին՝ պայմանավորված մի քանի եկամտատեսակների գծով մուտքերի զգալի աճով, ինչը դրանց որոշ մասի դեպքում մտորումների տեղիք է տալիս։ Մասնավորապես, բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից ու դեպոզիտներից ստացված տոկոսավճարների աճը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ լրացուցիչ ազատ միջոցներ են կուտակվել՝ փոխանակ դրանք ծախսերին ուղղվեին։ Իսկ պետական բյուջեի ծախսերը զգալիորեն թերակատարվել են։ Արդյունքում, հարկաբյուջետային քաղաքականությունը, փաստացի զսպել է տնտեսության զարգացումը։ Մինչդեռ, համաձայն 2025թ. պետական բյուջեի բյուջետային ուղերձի՝ 2025-2026թթ.-ին հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսության վրա ունենալու է չեզոք ազդեցություն։

 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի փաստացի մեծությունը 1,472.3 մլրդ դրամ է՝ ճշտված պլանի ցուցանիշից 14.8%-ով (255.0 մլրդ դրամով) պակաս։ Թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։

Օրինակ՝  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերի թերակատարումը 72.8% է, քաղաքաշինության կոմիտեի դեպքում՝ 58.7%, շրջակա միջավայրի նախարարության դեպքում՝ 34.3%, արտաքին հետախուզության ծառայության դեպքում՝ 32.4%, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դեպքում՝ 22.8%, էկոնոմիկայի նախարարության դեպքում՝ 22.3%, ԿԳՄՍ նախարարության դեպքում՝ 20.9%:

  2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 39.2 մլրդ դրամ պակասուրդ, որը շուրջ 8.3 անգամ պակաս է ճշտված պլանով ծրագրված պակասուրդից։ Այսինքն՝ բյուջեի կատարումն այս անգամ ևս էապես (շուրջ 286.1 մլրդ դրամով) շեղվել է պլանից: Պլանավորվածից պակաս պակասուրդը հիմնականում պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և ծախսերի ցածր կատարողականով, որը հանգեցրել է ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցների աճի։

 Ի դեպ, բյուջեի պակասուրդի հաստատված ցուցանիշը 315.9 մլրդ դրամից ճշտման արդյունքում բարձրացվել էր 325.3 մլրդ դրամի, մինչդեռ փաստացի պակասուրդը հաստատված ցուցանիշից անգամներով ցածր է եղել։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/Zu4ed