Անշարժ գույքի գնորդի և վաճառողի իրավունքների պետական գրանցումն ու դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով

Անշարժ գույքի գնորդի և վաճառողի իրավունքների պետական գրանցումն ու  դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով

«Նախագծով նախատեսվում է, որ Կադաստրի կոմիտեում այսօր կնքվող որոշակի պայմանագրեր, որոնք կնքվում եմ մեր գրասենյակներում, խորհրդատվական կենտրոններում, հնարավորություն լինի, որպեսզի էլեկտրոնային համակարգի միջոցով կողմերը՝ վաճառողը և գնորդը, «ԵսԵմ» նույնականացման համակարգով կազմված և ստորագրված պայմանագիրը ստորագրեն իրենց համակարգիչներից, իրենց հեռախոսներից էլեկտրոնային թվային ստորագրությամբ, այնուհետև այդ պայմանագրերը ներկայացնեն իրավունքի պետական գրանցման անմիջապես ստորագրումից հետո: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 21-ի նիստին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Այս աշխատանքներն իրականացնելուց հետո համակարգն ինքնաշխատ կիրականացնի գնորդի իրավունքների պետական գրանցում և վաճառողի իրավունքների դադարեցում: Այսինքն՝ սրանով մենք ներդնելու ենք նոր գործիքակազմ, որն աջակցելու է մեզ թեթևացնելու ռեգիստրների աշխատանքային ծավալը, ինչպես նաև արագացնելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը:

Այսօր ունենք 2-ժամյա գործընթաց, երբ պայմանագիրը կնքելուց հետո վեցապատիկ վճարի առկայության պարագայում 2 ժամվա ընթացքում ենք կատարում իրավունքի պետական գրանցումը: Այս փոփոխություններով այդ երկու ժամվա գործընթացը և վեցապատիկ վճարի խնդիրը կկարգավորվի այնպես, որ ինքնաշխատ համակարգով իրավունքի պետական գրանցումն իրականացնելուց հետո անմիջապես կգեներացվի պայմանագիրը, մուտք կատարելուց հետո համակարգն անմիջապես կգեներացնի գնորդի սեփականության իրավունքի վկայականը:

Կադաստրի կոմիտեի նախագահը նշեց, որ օրենքի փոփոխությունն իրականացվում է պիլոտային եղանակով։