Խաղողի մթերման գինը գործարանները բարձրացրել են
Նախորդ տարվանից շատ է
Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս սեզոնին խաղողի բերքը ավելի շատ կլինի: Թեև Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը դեռ ստույգ հաշվարկ չունի, բայց պնդում է՝ միջինից բարձր բերք է սպասվում: Ասում է՝ խաղողի բերքատվության ցուցանիշը բարձր կլիներ, եթե չլինեին գարնան անձրևները, հետո կարկուտն ու ամառվա աննախադեպ շոգը:
Արմավիրի մարզի Սարդարադատ համայնքի 240 հեկտար խաղողի այգիներից ոչ աննախադեպ քանակի, բայց լավ բերքի սպասելիք ունեն: Վարչական ղեկավար Արթուր Խաչատրյանի խոսքով՝ տարեցտարի խաղողի այգիները նվազում են: Նա համայնքի գրանցամատյանն է բացում և ցավով փաստում, որ 3 տարի առաջ 290 հեկտար տարածություն էր զբաղեցնում խաղողի այգիները: Ըստ նրա՝ գյուղացիները քանդում են այգիները՝ մթերման խնդիրների պատճառով:
«Մի քանի տարի մթերման խնդիրներ առաջացան, խաղողը մնաց այգիներում, գյուղացիներն էլ քանդեցին: Խաղողի ինքնարժեքը բարձր է՝ կախված սորտից տատանվում է 90-110 դրամի սահմաններում: Գործարանները, սակայն, մեկ կիլոգրամ խաղողը 90 դրամով են ընդունում: Մեր խաղողագործը մրցունակ չէ, խաղողի մթերման գինն էլ ցածր է, մարդիկ ճարահատ հանձնում են, բայց եկամուտ չեն ստանում, հետևաբար, քանդում են այգիները: Ամեն ինչ թանկացել է եռակի-քառակի, բայց խաղողի գինը մնացել է նույնը, բոլոր պտուղ-բանջարեղենի գինն ավելի թանկ է, քան՝ խաղողինը»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց նա:
Չնայած տարիներ շարունակ խնդիրը բարձրաձայնում ենք, բայց մեր երկրում խաղողի մթերման խնդիրն այդպես էլ չի կարգավորվում՝ սեզոնին ընդառաջ կրկին հարց է բարձրացնում Խաղողագործների միության նախագահը: Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի բերքը քիչ էր, մթերումն անաղմուկ անցավ, գործարաններն ընդունեցին, իսկ խաղողագործներն էլ ստիպված չեղան ճանապարհ փակել և պահանջել մթերում իրականացնել:
Կոնյակի արտահանման խնդիրը կազդի՞ մթերման վրա
Հիմա, սակայն, Արտակ Սարգսյանն անհանգստացած է. մտավախություն ունի, որ կոնյակի արտահանման խնդիրը կարող է անդրադառնալ խաղողի մթերման վրա:
Նյութն ամբողջությամբ՝ agropress.am