Կայուն տնտեսական աճի համար Հայաստանը դիտարկում է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը․ Գրիգորյան

Կայուն տնտեսական աճի համար Հայաստանը դիտարկում է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը․ Գրիգորյան

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը դիտարկում է որպես կայուն տնտեսական աճի ևս մեկ ուղղություն։ Ժամանակակից մարտահրավերները, ըստ Գրիգորյանի, պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ լուծումներ, այլև օգնություն տեխնոլոգիական գործիքներից։ Արհեստական ​​ինտելեկտը և թվային տեխնոլոգիաները դառնում են կարևորագույն ռեսուրս՝ ինչպես տնտեսության, այնպես էլ կորպորատիվ և պետական ​​կառավարման ոլորտներում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ մոդելներ ձևավորելու համար։

«ԵԱՏՄ շրջանակներում բիզնես գործընթացների օպտիմալացման և ինտեգրված թվային հարթակներ կառուցելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք տանել էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման և կիբերանվտանգության մեխանիզմների ներդրման ուղղությամբ», - ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով, տնտեսական համագործակցության առանցքային տարրերից է նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։ Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհաղորդի ինչպես ապրանքների արտահանմանը երրորդ երկրներ, այնպես էլ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին։ «Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել մեր կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որի նպատակն է ստեղծել հուսալի և փոխկապակցված տրանսպորտային երթուղիներ։ Ինչպես նաև ապահովել կայուն տարածաշրջանային զարգացում և տնտեսական կապերի ամրապնդում բոլոր շահագրգիռ պետությունների միջև՝ պետությունների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգանքի, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Գրիգորյանը։