Սննդամթերքի գները հուլիսին աճել են 4.4 տոկոսով. ինչ կանխատեսումներ ունի տնտեսագետը

Սննդամթերքի գները հուլիսին աճել են 4.4 տոկոսով. ինչ կանխատեսումներ ունի տնտեսագետը

Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը հուլիսին կազմել է 3.4 տոկոս (2025-ի հուլիսը՝ 2024-ի հուլիսի նկատմամբ), սննդամթերքի գներն աճել են 4.4 տոկոսով: Տնտեսագետ Արմեն Քթոյանն արձանագրված ընդհանուր գնաճը համարում է կառավարելի, նշանակալի գնաճ է նկատում սեզոնային որոշ ապրանքների դեպքում, իսկ բնականոն գնաճը համարում է կայուն: Քթոյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2025 թվականի հուլիսին 2024-ի հուլիսի նկատմամբ աճել է 3.4 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի, այսինքն՝ դրան նախորդող ամսվա նկատմամբ, նվազել է 0.8 տոկոսով: 

Նախորդ տարվա հուլիսի նկատմամբ այս տարվա հուլիսին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները  աճել են 4.7 տոկոսով, այս տարվա հունիսի նկատմամբ՝ նվազել են 2.7 տոկոսով: Իսկ միայն սննդամթերքի գները նախորդ տարվա հուլիսի նկատմամբ աճել են 4.4 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ ՝ նվազել են 2.9 տոկոսով: 

Տնտեսագետ Արմեն Քթոյանը նկատեց՝ գնաճը տեղավորվում է Կենտրոնական բանկի թիրախային միջակայքում (3 տոկոս):  

«Արագացում կա սպառողական գների ինդեքսում, որտեղ ներառվում են սեզոնային ապրանքները: Օրինակ՝ գյուղատնտեսական որոշ ապրանքների մասով նշանակալի գնաճ ունենք: Կա որոշակի սեզոնայնության գործոնը, կան նաև այլ գործոններ, որոնք պայմանավորված են Ռուսաստանում պահանջարկի ու առաջարկի հետ կապված խնդիրներով: Բնականոն գնաճի դեպքում արագացման մասին չի կարելի խոսել»,-ասաց տնտեսագետը: 

Նա ընդգծեց՝ եթե դիտարկենք բնականոն գնաճը, որը զերծ է սեզոնային գնաճային տատանումներ ունեցող ապրանքների գների ազդեցությունից, նաև արտաքին գնաճի ազդեցությունից, ապա գնաճը շատ ավելի կայուն և կառավարելի է:  

Հացի գինը 2025-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4.4 տոկոսով, իսկ այս տարվա նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1 տոկոսով: 

Ինչ վերաբերում է մրգերին, ապա գները հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ աճել են 4.9 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ նվազել են 2.4 տոկոսով: Բանջարեղենի գները նախորդ տարվա հուլիսի նկատմամբ ավելացել են 6.1 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ նվազել են 21.7 տոկոսով:

Մակարոնեղենի գինը 2025-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ աճել է 5.8 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ՝ 0.4 տոկոսով: Մսի գինը 2024-ի հուլիսի նկատմամբ աճել է 2.2 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ՝ 0.6 տոկոսով: Բրնձի գինը 2025 թվականի հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ աճել է 0.5 տոկոսով, իսկ 2024-ի հունիսի նկատմամբ նվազել է 0.1 տոկոսով: Կարագի գները նախորդ տարվա հուլիսի նկատմամբ ավելացել են 12.6 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ՝ 0.2 տոկոսով: Ձվի գները 2024-ի հուլիսի նկատմամբ նվազել են 8.3 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ՝ 1.3 տոկոսով: 

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին և ծխախոտային արտադրատեսակներին, ապա 2024-ի հուլիսի նկատմամբ գներն աճել են 6.7 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ 0.6 տոկոսով: Հագուստի և կոշիկի գները նվազել են 2 տոկոսով, իսկ 2025-ի հունիսի նկատմամբ՝ 0.9 տոկոսով: 

«Եթե դիտարկենք թե՛ տարածաշրջանի երկրների համեմատության մեջ, թե՛ հաշվի առնենք, որ վերջին 5 տարում գնաճային ֆոնը բավականին բարձր է և գլոբալ տնտեսությունում անկայունությունները դեռևս պահպանվում են, շարունակվում են և նոր անկայունությունների աղբյուրներ կարող են ի հայտ գալ (օրինակ՝ ԱՄՆ քաղաքականությունը, էներգակիրների գների հետ կապված անորոշություններ կան), ապա այս պահին գնաճը կառավարելի է, գտնվում է այն միջակայքում, որը թիրախավորում է Կենտրոնական բանկը: Բայց անորոշություններն ու ռիսկը դեռևս բարձր են»,-ասաց տնտեսագետը:

Առաջիկա ամիսներին գնաճի տեմպը կարագանա՞, թե՞ կնվազի. Քթոյանի համոզմամբ՝ դա կախված է նրանից, թե ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորումն ինչ տրամաբանությամբ կլինի, ԱՄՆ առևտրային քաղաքականությունն ինչ դրսևորումներ կունենա: Դեռևս նշանակալի անորոշություններ ու ռիսկեր կան:  

Տնտեսագետը հիշեցրեց՝ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն օգոստոսին թողել է անփոփոխ՝ 6.75 տոկոս. այսպիսով ԿԲ-ն համարում է, որ, չնայած առկա ռիսկերին, կան նաև դրանց հակակշռող գործոններ, որոնք ևս կարող են որոշակի հավանականությամբ դրսևորվել:  

Քթոյանը հավելեց՝ այս պահին ռիսկերը պահպանվում են, բայց դրանք դեռ այն դրսևորումը չունեն, որ ակտիվ միջամտության անհրաժեշտություն լինի: 

Աղբյուրը՝  https://armenpress.am/