Հեծանիվի ձեռքբերումը կսուբսիդավորվի
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 14-ի նիստում հաստատել է «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը»։
Կարգով սահմանվում են միջոցառման շահառուներին ներկայացվող պահանջները, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, աջակցության դադարեցման հիմքերը և աջակցության դադարեցման պահի դրությամբ արդեն տրամադրված գումարի տնօրինման կարգը։
Սահմանվում են նաև առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ներկայացվող հաշվետվությունների պահանջները։ Միջոցառման շահառուն կարող են լինել հեծանիվ գնելու նպատակով վարկ ստացող այն անձինք, ովքեր սովորում կամ աշխատում են Հայաստանի տարածքում գործող պետական կամ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները։
Վարկը կարող է ներառել նաև հեծանվային պարագաների՝ սաղավարտի, ծնկապաշտպանների և ձեռնոցների ձեռքբերումը։ Ֆինանսական կազմակերպությունները նախարարությանը կտրամադրեն սուբսիդավորման հայտեր, իսկ նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում կստուգի դրանց համապատասխանությունը և կփոխանցի սուբսիդավորման գումարները հատուկ հաշվին։
Վարկի սպասարկման վճարներ, միջնորդավճարներ և այլ հավելյալ վճարներ չեն գանձվի։ Ծրագիրը նախատեսում է, որ մեկ շահառուի համար կսուբսիդավորվի միայն մեկ վարկի տոկոսադրույքը։
Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկի մայր գումարի և չսուբսիդավորվող մասի մարումների հիման վրա։ Միջոցառման նպատակն է խթանել հեծանիվների օգտագործումը որպես երթևեկության միջոց, բարձրացնել հանրության ֆիզիկական ակտիվությունը և նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը։
Ծրագիրը նաև հնարավորություն կստեղծի հեծանիվների ներմուծման և տեխնիկական սպասարկման ոլորտի աշխուժացման համար։ 2025 թվականի համար ծրագրի իրականացման ծախսերը կկազմեն 11,3 միլիոն դրամ, որոնք կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հատկացումների շրջանակում։ Անհրաժեշտ միջոցները կներառվեն նաև 2026 թվականի բյուջետային հայտի նախագծում։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։