«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների վերաբերյալ

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների վերաբերյալ

2025թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ է մտնելու «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-261-Ն օրենքը, որը նպատակ է հետապնդում բարելավելու օրենսդրության համապատասխանությունը Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) Հանձնարարականներով սահմանված պահանջներին, ինչպես նաև հստակեցնելու հաշվետվություն տրամադրող անձանց պարտականությունների ծավալը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից; 

«Կարևոր ենք համարում նշել, որ օրենքը ընդլայնել է հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունները՝ դրանք մասնավորապես տարածելով նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման և կառավարման ծառայություններ մատուցող անձանց վրա: Նշված անձինք պարտավոր են հաշվառվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնում՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: Տեղեկացնում ենք, որ հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 07.10.2014թ. թիվ 280-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 4-րդ և 23-րդ հոդվածներով նախատեսված պարտականությունները այսուհետ կտարածվեն նաև իրավաբանական անձ հանդիսացող բոլոր ոչ ֆինանսական հաստատությունների վրա՝ անկախ աշխատակիցների քանակից:

Օրենքի ընդունմամբ փոփոխվել են նաև հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերին առնչվող դրույթները: Օրենքի պահանջների հիման վրա վերանայված ներքին իրավական ակտերը ենթակա են ներկայացման Ֆինանսական դիտարկումների կենտրոն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

Հայտնում ենք նաև, որ օրենքով նախատեսվել են նոր պարտականություններ տրաստի այն կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող այն անձանց համար, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում են Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք: Ֆինանսական դիտարկումների կենտրոնում նշված անձանց հաշվառման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտը նախատեսվում է ընդունել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

Ի թիվս այլ կարգավորումների, օրենքով փոփոխվել են նաև հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և հավելյալ պատշաճ ուսումնասիրության գործընթացներին, դրամական փոխանցումների իրականացմանը, գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժմանը կամ դադարեցմանը, օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցներին առնչվող դրույթները»,- ասված է գլխավոր դրամատան տարածած հաղորդագրությունում։ 

Օրենսդրական փոփոխություններին ծանոթանալ այստեղ:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել Ֆինանսական դիտարկումների կենտրոն` [email protected], 010-592-592 (0910):