2025 թ,-ի առաջին կիսամյակում հայաստանյան առևտրային բանկերը տրամադրել են 7.1 տրլն դրամի վարկեր

2025 թ,-ի առաջին կիսամյակում հայաստանյան առևտրային բանկերը տրամադրել են 7.1 տրլն դրամի վարկեր

Այս տարվա առաջին կիսամյակում հայաստանյան առևտրային բանկերը տրամադրել են 7.1 տրլն դրամի վարկեր։  Վարկերի ընդհանուր կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն  սպասարկման ոլորտին տրամադրված վարկերը։  Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ամփոփելով 2025-ի առաջին կիսամյակի արդյունքները, նշեց, որ սպասարկման ոլորտի կազմակերպությունների պահանջարկը մեծացել է: 

Բանկային համակարգի ընդհանուր ակտիվները նշված հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 11.6 տրլն դրամ, վարկային պորտֆելը՝ 7.1 տրլն դրամ, բանկերի ընդհանուր կապիտալը՝ 1.96 տրլն դրամ, ավանդները՝ շուրջ 6.7 տրլն դրամ: 

Վարկային պորտֆելը և կապիտալն աճել են 10.3 %-ով, իսկ բանկերի ընդհանուր կապիտալը՝ 5.5%-ով: Վերջին 2-3 տարվա աճի ֆոնին ավանդների աճը տարվա առաջին 6 ամսում մի փոքր դանդաղել է:  

Բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքում առաջին տեղում սպառողական վարկերն են՝ 1.5 տրլն դրամ և կազմելով վարկային պորտֆելի 22.8%-ը: Հիփոթքային վարկերը ևս կազմում են 1.5 տրլն՝ վարկային պորտֆելի 22.2%-ը:

Վարկերի 50 %-ը տրամադրվել է ֆիզիկական, 45 տոկոսը՝ իրավաբանական անձանց, իսկ 5 %-ը՝ այլ ֆինանսական կազմակերպությունների:

«Կիսամյակի ընթացքում ամենամեծը՝ 21.1 %ով աճել են սպասարկման ոլորտին տրամադրված վարկերը՝ կազմելով 788 մլրդ դրամ»,-ասաց Ազատյանը:

Սրանք սպասարկման ոլորտի կազմակերպություններին տրամադրված հիմնականում փոքր ու միջին բիզնես վարկերն են: 

«Մենք հաճելիորեն զարմացած ենք: Մի քանի բանկերի հետ խոսեցինք, նրանք ևս նշեցին, որ որոշակիորեն շատացել է բիզնեսների, ռեստորանների, սպասարկման ոլորտի վարկերի պահանջարկը»,-ասաց միության նախագահը՝ հավելելով, որ լրացուցիչ վերլուծության կարիք կա:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատկերն այլ է եղել: 6 ամսվա կտրվածքով սպասարկման ոլորտին տրամադրված վարկերի աճը եղել է 1.3 %: 

Աճի ցուցանիշով երկրորդը շինարարության վարկերն են՝ 13.8%:

«Դա մի փոքր ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված աճը, նախորդ տարվա 6 ամսում աճը եղել է 11.3 %»,–ասաց Ազատյանը: 

Սպառողական վարկերն աճել են 13.1 %-ով: Աճը կայուն կերպով շարունակվում է:

Ազատյանի խոսքով՝ կիսամյակի ընթացքում ֆիզիկական անձանց 1-5 տարի ժամկետով տրամադրված դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են 0.3 տոկոսով՝ միջին 16.7 %-ի համեմատ կազմելով 17 %: Իսկ 5 տարուց ավելի ժամկետով տրամադրվող վարկերի տոկոսադրույքներն աճել են 1.2 տոկոսային կետով՝ կազմելով միջինում 14.9 %:

Անցյալ տարվա տարվա նույն ժամանակահատվածի՝ առաջին 6 ամսվա համեմատ մինչև 5 տարի ժամկետով տրամադրված դրամային վարկերը տոկոսադրույքները նվազել են 0.2 %-ով, իսկ 5 տարուց ավելի ժամկետով վարկերի տոկոսադրույքներն աճել են 0.5%-ով: 

Նրա խոսքով՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի 66 տոկոսը դրամային է, 34 %-ը՝ արտարժույթով: «Ինչքան դրամային վարկերը շատ լինեն մեր բանկերի հաշվեկշռում և ինչքան քիչ լինեն արտարժութային վարկերը, այնքան արտարժութային ռիսկերից զսպված կլինեն»,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է ավանդներին, ապա մինչև 1 տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքների աճ չի գրանցվել: 0.3 %-ով աճել են 1-5 տարի ժամկետով ավանդների տոկոսադրույքները, միջինը տոկոսադրույքը 9.3-ից դարձել է 9.6 %: 

«Բանկերը բավականին մեծ իրացվելիություն ունեն, բայց դրամային իրացվելիության մասով պահանջարկ կա, և այդ պահանջարկի պատճառով տոկոսադրույքները որոշակիորեն բարձրանում են»,-ասաց Բանկերի միության նախագահը: 

Բոլոր բանկերի շահույթն առաջին կիսամյակում կազմել է 201 մլրդ դրամ: Անցած ամբողջ տարի շահույթը կազմել է 360 մլրդ դրամ: